Վարազդատ Հարոյան. Նախատեսվածի համաձայն մասնակցեցի երեք մարզման


Երևանի «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը օրերս մի քանի օր անցկացրեց գերմանական «Քյոլնում», որը հանդես է գալիս Բունդեսլիգայում: Հայաստանի առաջնության «Բանանց»-«Փյունիկ» (1:1) հանդիպումից հետո ArmSport.am-ը զրուցեց Հարոյանի հետ հենց Գերմանիա կատարած ուղեւորության մասին:

— Վարազդատ, ի՞նչ տպավորություններով ես վերադարձել «Քյոլնից»:

— Տպավորությունները վառ են, քանի որ մարզվեցի բավական պրոֆեսիոնալ թիմում, որը հանդես է գալիս Բունդեսլիգայում: Ես չէի էլ կասկածում, որ Բունդեսլիգայում հանդես եկող թիմում տեսնելու եմ բարձր պրոֆեսիոնալիզմ: Նախատեսվածի համաձայն մասնակցեցի երեք մարզման, ամեն ինչ արեցի, որ ինձանից դժգոհ չլինեն: Նման մակարդակի ակումբում ես երբեք չէի մարզվել: Այժմ արդեն կենտրոնացել եմ «Փյունիկի» ելույթների վրա ու թե ինչ կլինի ապագայում չեմ կարող ասել:

— Առանձնահատուկ ինչ-որ բան նկատեցի՞ր գերմանական ակումբում:

— Կոնկրետ ինչ-որ բան առանձնացնել չեմ կարող, ուղղակի շատ բարձր մակարդակի վրա էր ամեն ինչ կազմակերպված: Զբոսնեցի նաեւ Քյոլն քաղաքում, որը բավական գեղեցիկ էր:

— «Քյոլնը» վաղուց է հետեւում քո ելույթներին: Նրանք ընդգծեցի
՞ն որեւէ կոնկրետ հանդիպում, որում հավանել էին քո ցուցադրած խաղը:

— Նշեցին միայն, որ Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների մասնակցությամբ հանդիպումների վրա են ուշադրություն դարձրել, իսկ թե կոնկրետ որ խաղի, դրա մասին չխոսվեց:

— Հասցրի՞ր շփվել ֆուտբոլիստների, մարզիչների հետ:

— Մարզչի հետ միայն սկզզբում զրույց եղավ, իսկ դրանից հետո հիմնականում խաղացողների հետ: Նրանցից մեկն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը վերջին շրջանում գեղեցիկ խաղ է ցուցադրում ու զգալի առաջընթաց է ապրել:

— Տեղեկություն կար նաեւ, որ պետք է ներկա գտնվեիր «Քյոլն»-«Բորուսիա» (Դորտմունդ) խաղին…

-Այո, այդ մասին մոռացա նշեմ: Ներկա էի խաղին, որը «Քյոլնի» համար անհաջող ստացվեց: Թիմը 1:6 հաշվով պարտվեց, թեեւ վատ չէր սկսել խաղը: Այդ հանդիպումից հետո մասնակցեցի մարզումներին:

— Ու նման հաշվով պարտությունից հետո ի
՞նչ վիճակ էր թիմի ճամբարում:

— Շատ արագ ուշքի եկան ու մարզումների վրա խաղի արդյունքը չազդեց: Նրանք արագ են վերականգնվում նման դեպքերում: Իհարկե, վերլուծում էին սխալները, սակայն խոշոր հաշիվը թողեցին անցյալում:

Վարազդատ Հարոյանը վերադարձավ Երևան


Նախորդ շաբաթ Գերմանիա էր մեկնել Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազատ Հարոյանը, որի ծառայություններով հետաքրքրված է Բունդեսլիգայում հանդես եկող «Քյոլնը»: Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների խաղացողը նախատեսվածի համաձայն մասնակցել է մի քանի մարզումների ու արդեն վերադարձել է Երևան:

«Փյունիկ» ակումբի մամուլի քարտուղարությունից ArmSport.am-ը տեղեկացավ, որ Հարոյանն այսօր մասնակցել է թիմի մարզմանը ու պատրաստ է վաղը «Բանանցի» հետ կայանալիք Հայաստանի առաջնության 2-րդ տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Քյոլնը» Հարոյանին հրավիրել էր ավելի մոտիկից նրան ճանաչելու, նրա մարդկային ու ֆուտբոլային կարողությունների մասին կարծիք կազմելու համար:

betteam.ru. Երբ Յուրա Մովսիսյանը գոլ է խփել, «Կրասնոդարը» չի պարտվել


betteam.ru ինտերնետային կայքը Ռուսաստանի առաջնության 37-րդ տուրի «Կռիլյա Սովետով» — «Կրասնոդար» հանդիպումից առաջ հետաքրքիր փաստ է նկատել. այն խաղերում, որոնցում Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ, Սլավոլյուբ Մուսլինի թիմը չի պարտվել:

 

«Երբ Յուրա Մովսիսյանը գոլ է խփում, «Կրասնոդարը» չի պարտվում: «Կրասնոդարի» 13 հաղթական խաղերից 8-ում նա առնվզան մեկ գնդակ է խփել: Մյուս կողմից նա ոչ մի գոլ չի խփել այն խաղերում, որոնցում իր թիմը պարտվել է և իսկ մեկ անգամ աչքի է ընկել ոչ-ոքի ավարտված խաղում»,- նշում է ռուսական կայքի լրագրողը:

 

Ավելացնենք, որ «Կռիլյա Սովետով» — «Կրասնոդար» հանդիպումը կկայանա մարտի 31-ին` Երևանի ժամանակով 18:30 և ուղիղ եթերով կցուցադրվի НТВ+Наш футбол հեռուստաալիքով:

 

Միրչա Լուչեսկու. Մենք Մխիթարյանի և Հյուբշմանի առողջությունը չենք վտանգի


Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն թիմի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին:

 

— Վնասվածք ստացած բոլոր ֆուտբոլիստները գտնվում են բժշկական հսկողության տակ: Էդուարդոն արդեն սկսել է հատուկ վազքով զբաղվել: Հենրիխ Մխիթարյանի և Տոմաշ Հյուբշմանի վիճակը նույնպես հսկողության տակ է:

 

Գլխավորն այն է, որ նրանք բոլորն էլ միանգամից խաղադաշտ վերադառնան: Նրանք մեզ համար կարևոր ֆուտբոլիստներ են, և մենք, իհարկե, չենք փորձի արագացնել նրանց վերականգման ընթացքը` վտանգելով նրանց առողջությունը,- ռումինացի մասնագետի խոսքերն է փոխանցումը Чемпионат.com-ը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեջքի մկանի հետ կապված խնդիրներ ունի: Երեքշաբթի օրվանից երկու ֆուտբոլիստները արդեն սկսել են մարզվել հատուկ ծրագրով:

 

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ նորմալ է


Ուկրաինայի առաջնության հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով թողեց խաղադաշտը: Հետագայում «Շախտյորի» պաշտոնական կայքում տեղեկություն հաղորդվեց, որ Հենրիխը ձգել է մեջքի մկանը եւ շուտով կվերադառնա շարք:NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

 

Հենրիխ, ճիշտն ասած վախեցրիր ֆուտբոլասերներին:

 

Ես ինքս էլ վախեցա, երբ ցավ զգացի: Գնդակի համար պայքարից հետո շրջվեցի ու, ոտքս կտրուկ դնելով, փորձեցի շարունակել շարժումս, սուր ցավ զգացի:

 

Իսկ հիմա ինչպե՞ս ես:

 

Ամեն ինչ նորմալ է: Երեք օր է մերսումների եմ գնում ու տոկեր ընդունում: Ցավը դեռեւս լրիվ չի անցել, բայց արդեն համարյա ցավ չեմ զգում: Վաղը արդեն սկսում եմ մարզվել:

 

Այսինքն շուտով մենք քեզ նորից կտեսնենք խաղադաշտում:

 

Ես էլ ցանկանում եմ արագ շարք վերադառնալ, հուսով եմ` շուտով ամեն ինչ լավ կլինի եւ նորից կմասնակցեմ հանդիպումներին:

 

Քեզ առողջություն ու արագ ապաքինում ենք ցանկանում:

 

Շնորհակալ եմ:

 

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

 

Հայրապետյանը ցանկացել է հրավիրել Բետեին, սակայն Մինասյանը դեմ է եղել


Այսօր ԵՊՀ-ում Ռուբեն Հայրապետյանը պատասղանեց ուսանողների հարցերին:

Դարպասապահների խնդրին անրադառնալով` հարց ուղղվեց կապված Էդել Ապուլա Բետեի հետ: Պարզվում է, որ Հայրապետյանը ցանկանում է հրավիրել Էդելին, սակայն այդ որոշման հետ դեռևս համաձայն չէ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ ֆեդերացիան 2 անգամ հրավեր է ուղարկել «Շախտյորի» երիտասարդական կազմի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանին, ով ցանկանում է խաղալ հավաքականում, սակայն դեռևս ինչ-ինչ խնդիրների պատճառով չի ժամանում Հայաստան:

Ռուբեն Հայրապետյան. Գրիգոր Մելիքսեթյանը չունի համապատասխան որակներ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԵՊՀ-ի ուսանողներին հայտնեց, որ չի փոխվել իր կարծիքը կապված Գրիգոր Մելիքսեթյանի հետ:

 
«Ես ֆեդերացիայի նախագահն եմ ու հավաքականի ոգին բարձր պահելու համար իրավունք ունեմ որոշ ֆուտբոլիստների թույլ չտալ մտնել հավաքական: Գրիգոր Մելիքսեթյանը չունի համապատասխան որակներ: Նրան 2-րդ հնարավորությունը ընձեռեցինք, սակայն պարզվեց, որ նրա մոտ 10 տարեկանից այս կողմ բան չի փոխվել: Խնդրում եմ առհասարակ մոռացեք նրա հարցը»:

 

Ռուբեն Հայրապետյան. «Հրազդանը» Իտալիայի հետ խաղին ամբողջովին պատրաստ կլինի


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Հրազդան» մարզադաշտում ընթանում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

 

«Հիմա վերանորոգվում են հանդերձարանները: Մայիսի 5-ից հետո կփոխենք խոտածածկը, իսկ մինչև օգոստոսի 1-ը պատրաստ կլինի ստադիոնի լուսավորությունը: Իհարկե, հավանականությունը քիչ է, բայց կաշխատենք մինչև Բելառուսի հետ ընկերական խաղը տեղադրել նոր լուսատախտակ»,- ասել է Հայրապետյանը:

 

Նա համոզված է, որ Իտալիայի հետ խաղին երկրպագուները կտեսնեն վերանորոգված ստադիոն, իսկ հավաքականն էլ ամեն ինչ կանի նրանց ուրախացնելու համար:

 

«Հավաքականը հիմա հասել է մի մակարդակի, որը պետք է պահենք և աշխատենք ավելի մեծ առաջընթաց արձանագրել: Դրան հիմնականում կնպաստեն մանկապատանեկան դպրոցները»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը:

 

Ըստ նրա Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը կնպաստեն նաև նոր ֆուտբոլային դպրոցները. « Հիմա Գյումրիում 8 դաշտով դպրոց ենք կառուցում, և հավաքականի մարզչի հետ անում ենք ամեն ինչ, որպեսզի մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչները վերապատրաստվեն և բարձրացնեն իրենց մասնագիտական որակները»:

 

Վարդան Մինասյան.Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ոչ մի խաղ իրարից չեմ առանձնացնում:


Հոլանդիայում հանդես եկող Նորայր Մամեդովի նորամուտը Հայաստանի հավաքականում հնարավոր է տեղի ունենա Հունաստանի հետ ընկերական խաղի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

 

«Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ոչ մի խաղ իրարից չեմ առանձնացնում: Հույս ունեմ, որ  պատրաստ կլինենք մինչեւ սեպտեմբեր: Մեզ համար առաջնայինն այս պահին ֆուտբոլիստների մարզավիճակն է, եւ այն, որ մեր ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան մինչեւ հանդիպումը: Հավաքականում համալրումներ ամենայն հավանակությամբ կլինեն մինչեւ այդ խաղը: Գուցե Հայաստան -Հունասատան խաղի ժամանակ արդեն հավաքականում կտեսնեք Նորայր Մամեդովին:  Նա ունի լավ խաղամակարդակ, հայրենասեր է եւ մեծ ցանկություն ունի հանդես գալ մեր հավաքականում: Ապրիլի 6-ին Հոլանդիայում ներկա եմ լինելու նրա խաղին, որի ավարտից հետո նոր կզրուցենք եւ վերջնական որոշում կկայացնենք նրա` Հայաստանի հավաքական ընդգրկվելու մասին:

 

Այսօր մեր ֆուտբոլիստներն են գրավում դրսի ֆուտբոլային ակումբներին, իսկ մենք ամեն ինչ անում ենք, մեր լավ խաղացողներին դրսից բերել Հայաստանի հավաքական եւ նրանց պոտենցիալը օգտագործել մեր հավաքականի օգտին: Այդպես արդեն ունենք 14-15 ֆուտբոլիստ, որոնք խաղում են դրսի ակումբերում: Սա գուցե ուրախալի փաստ է մեզ համար, բայց խնդիրն այն է, որ նրանք դժվարանում են հայտնվել տվյալ թիմի հիմնական կազմում, ինչից մեր ֆուտբոլիստների մարզավիճակը թուլանում է»,- ասաց Վարդան Մինասյանը:

 

Սարգիս Հովսեփյան. Որքան ուժ ունեմ կփորձեմ օգտակար լինել մեր թիմին


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ նրա երազանքն է հավաքականի հետ մտնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ և խաղադաշտում հանդես գալ իր որդու հետ:

 

Աջ պաշտպանը այս տարվա նոյեմբերին կնշի իր 40-ամյակը, և ուսանողներին հետաքրքրեց, թե նա դեռ որքան ժամանակ կկրի հավաքականի մարզաշապիկը. «Ստույգ չեմ կարող ասել, թե դեռ ինչքան հանդես կգամ հավաքականում, բայց որքան ուժ ունեմ կփորձեմ օգտակար լինել մեր թիմին»:

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինսայանն էլ հուսով է, որ Հովսեփյանը դեռ երկար տարիներ կխաղա թիմում: «Նրա ներկայությունը խաղադաշտում շատ կարևոր է և ինձ համար և թիմի»,- նշել է նա:

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ խոստովանել է, որ Հովսեփյանն այն ֆուտբոլիստն է, որին «ցանկանում է հավերժ տեսնել ավագի թևկապով»: