Հայաստանը հաղթեց Լիտվային 4-2 հաշվով (վիդեո)


Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան — Լիտվա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց Վարդան Մինասյանի սաների հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ այս հանդիպմանը մեծ ֆուտբոլին վերջնականապես հրաժեշտ տվեց մեր ընտրանու բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանը, ով վերջին անգամ մեր հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ դուրս բերեց, իսկ մի քանի րոպե խաղադաշտում անցկացնելուց հետո, իր տեղը զիջեց Արտակ Եդիգարյանին:

Մեր տղաները շատ արագ կարողացան բացել հանդիպման հաշիվը, արդեն 7-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը կարողացավ եզրափակել Օզբիլիզիփոխանցումը՝ 1-0:

Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հիանալի գերազանց տուգանային իրացրեց, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու հայտնվեց Կառլեն Մկրտչյանի մոտ, ով հանուն արդարության նշենք, որ գտնվում էր խաղից դուրս վիճակում: «Մետալուրգի» հենակետայինը կարողացավ արագ կողմնորոշվել և գնդակը մի քանի մրցակիցների արանքից ուղղել դեպի դարպասը՝ 2-0:

5 րոպե անց Մխիթարյան — Օզբիլիզ դուետը ևս մեկ գոլ հեղինակեց: Այս անգամ աջ եզրում Մխիթարյանը հաշվի տարբերությունը եռապատկեց՝ եզրափակելով Արազի փոխանցումը` 3-0:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Ռիմկևիչուսը ձախ եզրից հիանալի հարված կատարեց դեպի դարպասը՝ Բերեզովսկին չկարողացավ որսալ գնդակը՝ 3-1:

6 րոպե անց այս անգամ Ղազարյան — Օզբիլիզ համագործակցության արդյունքում ծնվեց 4-րդ գնդակը, որն իր հաշվին գրանցեց կրասնոդարյան «Կուբանի» կիսապաշտպանը՝ գերազանց հարվածով գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկելով դարպասը՝ 4-1:

Այս հաշվից հետո Մինասյանը մի քանի առաջատար ֆուտբոլիստների փոխարինեց երիտասարդներով, որից հետո խաղային նախաձեռնությունն անցավ մերձբալթյան հավաքականի կողմը, ովքեր միայն խաղավերջում, Կառլեն Մկրտչյանի սխալից հետո մրցավարի նշանակած 11մ. դիպուկ իրացնելով, կարողացան կրճատել հաշվի տարբերությունը՝ 4-2:

Հայաստան — Լիտվա 4:2

գոլերը՝ Մանուչարյան 7, Մկրտչյան 50, Մխիթարյան 55, Օզբիլիզ 66 — Ռիմկևիչուս 72, 83