Յուրա Մովսիսյան. Շանսերը կարելի է ասել հավասար է Հայաստանում


Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը թեեւ ներկա չէր Ֆուտբոլի ակադեմիայում կայացած բաց մարզմանը, սակայն դրանից հետո շատ բան ուներ լրագրողներին ասելու:

-Ես նոր միացա թիմին, ասում են՝ մարզումը լավ է անցել:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Իտալիայի հետ խաղից:

-Իտալիայի հետ խաղում իմ կարծիքով մեր շանսերը շատ մեծ են, որովհետեւ մեր դաշտում ենք խաղում: Ստադիոնում շատ երկրպագուներ կլինեն, ինչն էլ մեզ շատ կօգնի: Շանսերը կարելի է ասել հավասար է Հայաստանում:

-Ու՞մ կառանձնացնեք մրցակցի ֆուտբոլիստներից:

— Մրցակցի կազմից ամեն մի ֆուտբոլիստի էլ կարող եմ առանձնացնել: Անհատապես՝ Բալոտելլի, Պիռլո, Բուֆոնը եւ կարող եմ բոլորին էլ թվել: Բայց ամենամեծ անունները նրանք են:

-Ուսումնասիրե՞լ եք Իտալիային որպես մրցակից:

-Մրցակիցների խաղերը միշտ էլ ուսումնասիրում ենք, Իտալիան էլ բացառություն չէ: Իտալիայի խաղերը միշտ էլ նայում ենք՝թե հավաքականի եւ թե Իտալիայի առաջնության խաղերը:

-Կադրային փոփոխությունները որակապես ինչպե՞ս կազդեն խաղի վրա:

-Ճիշտն ասած, դա այն հարց է, որին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Մարզիչն ավելի լավ կպատասխանի այդ հարցին: Բայց բոլորս էլ գիտենք, որ այն բոլոր ֆուտբոլիստները, ովքեր բացակայելու են, բոլորն էլ շատ կարեւոր են ու շատ մեծ դեր են խաղացել մեր հավաքականի համար: Սակայն այս խաղին մասնակցող ֆուտբոլիստներն էլ պետք է ապացուցեն, որ արժանի են, որ խաղան:

-Իսկ  Սարգիս Հովսեփյանի բացակայությունը որքանո՞վ կազդի խաղի վրա:

-Շատ դժվար է պատասխանել, թե Սարգիս Հովսեփյանի բացակայությունը ինչպես կազդի: Բայց շատ դժվար կլինի ու շատ տարբեր, որովհետեւ նա շատ երկար տարիներ է հավաքականի հետ խաղացել: Իսկ այն ֆուտբոլիստը, ով պետք է խաղա նրա դիրքում, պետք է շատ լավ խաղա, որ պակասը չզգացվի:

-Իտալիայի պաշտպանության մասին ի՞նչ կասես:

-Հայրս ինձ միշտ մի բան է ասում. «Դու ես տղա, նա է տղա, եթե կարող ես հաղթիր»:  Հուսով եմ լավ ենք խաղալու: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ շատ եմ հարգում, սակայն խաղադաշտում զիջում չի լինելու:

-Բուլղարիայի հետ խաղի մասին ի՞նչ կասես:

-Շատ վատ էր, որ պարտվեցինք, որովհետեւ մեր թիմը ավելի լավ խաղաց: Բայց  սա ֆուտբոլ է, ու մենք չկարողացանք հաղթել:

-Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից է, որքանո՞վ է դա օգնում հավաքականում հանդես գալու համար:

-Լավագույն ռմբարկուի պարագան շատ է օգնում, որովհետեւ այդ հանգամանքը ինձ վստահոթյուն է տալիս:

-Այլ ակումբներից ստացե՞լ ես առաջարկներ:

-Ես ուրիշ ակումբների հետ պայմանագիր դեռ չեմ կնքի, որովհետեւ մեկ տարի ու կես դեռ պայմանագիր ունեմ «Կրասնոդարի» հետ, եւ հիմա դեռ ոչ մի որոշում չի կայացվի՝ ես կգնա՞մ, թե՞ կմնամ: Դեռ ոչ մի բան պարզ չէ: Տարբեր առաջարկներ եղել են, եւ իմ գործակալների հետ քննարկվում է այդ հարցը, բայց  հստակ բան դեռ չկա:

Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվել է վեճ սադրելու համար


Բուլղարիայի հավաքականի պաշտպան Վեսելին Մինեւը ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվել է երկու խաղով, Հայաստանի հավաքականի դեմ խաղում վեճ սադրելու համար, հաղորդում է sport-express.ru-ն` հղում անելով AP-ին:

Հիշեցնենք, որ հենց 31-ամյա ֆուտբոլիստը սկսեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Բուլղարիա — Հայաստան հանդիպման ժամանակ տեղի ունեցած վեճը: Մինեւը իր թիմին չի կարող օգնել աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի և Չեխիայի հավաքականների դեմ խաղերում:

Մինեւը նաեւ տուգանվել է 6 հազար շվեյցարական ֆրանկով: Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը նրա փոխարեն հավաքական է հրավիրել Իվան Բանդալովսկիին: