Վալերի Ալեքսանյան. Հայաստանի հավաքականն արժանապատվորեն պայքարեց մինչեւ հանդիպման վերջին վայրկյանը


Իտալացիների հետ խաղում Հայաստանի հավաքականն արժանապատվորեն պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ իրանական «Սանաթ Նավթ» ակումբի կենտրոնական պաշտպան Վալերի Ալեքսանյանը, ով իտալացիների հետ խաղում հանդես էր գալիս պաշտպանության աջ եզրում:

«Իտալացիների հետ խաղից լավ տպավորություններ ունեմ, քանի որ չնայած պարտութանը, Հայաստանի հավաքականն արժանապատվորեն պայքարեց մինչեւ հանդիպման վերջին վայրկյանը: Իտալացիների հետ խաղում հանդես էի գալիս աջ պաշտպանի դիրքում: Նախորդ երկու տարիների ընթացքում ես խաղացել եմ միայն պաշտպանության կենտրոնում: Մի փոքր անսովոր էր, բացի այդ էլ խաղում էի Իտալիայի պես հզոր թիմի դեմ: Գլխավոր նպատակս ակումբում մշտապես խաղալն է, որպեսզի հավաքական հրավիրվելուց ներկայանամ պատշաճ մարզավիճակով եւ կարողանամ օգտակար լինել իմ երկրի ազգային թիմին»,- զրույցում հայտնեց Ալեքսանյանը:

28-ամյա ֆուտբոլիստն անդրադարձավ նաեւ «Սանաթ Նավթում» տիրող մթնոլորտին:

«Ակումբում գործերս լավ են: Եկել է նոր մարզիչ, ով պորտուգալացի է: Տարիներ առաջ նա աշխատել է «Սանաթ Նավթում»: Հուսով եմ՝ կկարողանամ վստահություն ձեռք բերել նաեւ նոր մարզիչի մոտ եւ մշտապես խաղալու հնարավորություն ստանալ: Իրանում իրավիճակն այնքան էլ լավ չէ, տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում: Հիմա «Սանաթ Նավթի» գլխավոր խնդիրը մրցաշարային աղյուսակում վտանգավոր գոտուց հեռանալն է»,- նշեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Վալերի Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Ուլիսից» է տեղափոխվել «Սանաթ Նավթ»: Իրանի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո Աբադանի թիմը 7 միավորով գտնվում է վերջին՝ 18-րդ տեղում: