Մխիթարյանը իր 13-րդ գոլը խփեց Ուկրաինայի այս տարվա առաջնությունում (վիդեո)


Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Դնեպրի» դեմ խաղի 19-րդ րոպեին հավասարեցնում է խաղի հաշիվը` այն դարձնելով 1-1:

 

Առաջնությունում սա Մխիթարյանի 13-րդ գոլն էր:

 

Հաաստան-Իտալիա հանդիպման տոմսերը արագ վաճառվում են (վիդեո)


Երկուշաբթի սկսվեց Հայաստան — Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը։ «Հրազդան» մարզադաշտում հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպման համար հիմա կարելի է ձեռք բերել 5000, 7000, 10.000 դրամանոց տոմսերը։ 3000 դրամ արժողության տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել երկու օր անց։

Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում աշխատող կինը, ով, ի դեպ, Բելառուսի ԲԱՏԷ-ում հանդես եկող Զավեն Բադոյանի տատիկն է, նշեց, որ ներկայումս ավելի մեծ պահանջարկ կա 7000 և 10.000 դրամանոց տոմսերի նկատմամբ։

Վերջինս նշեց նաև, որ շատ են տոմսեր գնում իտալացիներ, ԱՄՆ-ից ժամանած հյուրեր, ինչպես նաև սիրիահայեր։

Ավելացնենք նաև, որ մեկ անձին տոմսեր վաճառելու սահմանափակումներ չկան։

Հայաստան — Իտալիա հանդիպումը կսպասարկի խորվաթական մրցավարական բրիգադը


Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան — Իտալիա հանդիպումն սպասարկելու է Խորվաթիայի մրցավարական բրիգադը:

 

Գլխավոր մրցավարն է լինելու 37-ամյա Մարիո Ստրախոնիան:

Հիշեցնենք, որ Հայաստան — Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին, «Հրազդան» մարզադաշտում:

 

Նոյեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կմրցի Լիտվայի հետ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Նոյեմբերին հայ ֆուտբոլիստները Երևանում կմրցեն Լիտվայի հետ:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, ՀՖՖ-ի եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին, Երեւանում Հայաստան-Լիտվա հանդիպման անցկացման մասին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը Լիտվայի հետ ընկերական հանդիպում անցկացրեց Կաունասում ու զիջեց 0:3 հաշվով:

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի գները չեն փոփոխվի


Սկսվել է Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը: Այսօրվանից սկսած տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ տոմսերի գները չեն փոխվի, քանի որ նախ դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից եւ երկրորդ, որ սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 եւ 10.000 դրամ արժողության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլորին հնարավորություն է ընձեռել ընտրություն կատարելու:

«Ի դեպ, հիմնական տրիբունաների տոմսերի գները, որոնք ավանդաբար համարվում են հիմնական երկրպագուների տրիբունաներ, 3000-ից 7000 դրամի սահմաններում են: Տոմսերի սահմանված գներում էական փոփոխություններ չեն եղել նախկինի համեմատ եւ սահմանված գները ծանոթ են ֆուտբոլի երկրպագուներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայ երկրպագուների բաց նամակը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին


Հարգելի պարոն Նախագահ, Հոկտեմբերի 12-ին կայանալիք ԱԱ 2014թ. ընտրական փուլի Հայաստան-Իտալիա կարևորագույն խաղի տոմսերը հազարավոր ֆուտբոլասերների համար դարձել են անմատչելի: Մի քանի

տարի առաջ, Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ Հրազդանը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-ից 10 հազար դրամ): Մտավախություն կա, որ Հրազդան մարզադաշտում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում մեր ազգային հավաքականը կզրկվի հզոր աջակցությունից: ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանը բազմիցս նշել է, որ տոմսերի նման բարձր գինը պայմանավորված է միջազգային պարտավորվածություններով և չի կարող լինել ավելի մատչելի։ Սակայն հարևան Վրաստանում, որի ֆուտբոլային ֆեդերացիան նույն միջազգային պարտավորվածությունների կրողն է, տնային հանդիպումների տոմսերի արժեքը ավելի էժան է քան մեր մոտ: Սույն նամակով խնդրում ենք Ձեզ ընդառաջել մեր պահանջին, այն է` հանձնարարել վերանայել մեր հավաքականի խաղերի տոմսերի գները և իջեցնել դրանք, որպեսզի հոկտեմբերի 12-ին բոլորս միասին լինենք մեր հավաքականի կողքին: Այս կարևորագույն խաղին մեր ազգային հավաքականը ունի ՄԵԾ աջակցության կարիք: Հարգանքներով` հայ երկրպագուներ

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 24-ից


2012թ. հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում:

Տոմսերի արժեքն է`
— յարուս` 3000 դրամ
— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
— արևելյան տրիբունա` 7000 դրամ
— արևմտյան տրիբունա` 10000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Յուրա Մովսիսյան.Մենք կարող ենք հաղթել Իտալիային


«Մենք կարող ենք հաղթել Իտալիային: Այդ խաղում, ում ցանկությունն ավելի մեծ եղավ այդ թիմն էլ կհաղթի: Կարծում եմ մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը` Յուրա Մովսիսյանը:

Յուրա, ո՞րն էր Բուլղարիայի հետ խաղում Հայաստանի թիմի կրած պարտության պատճառը:

Բուլղարիայի հավաքականի մասին կարող եմ ասել, որ իրենք շատ լավ հավաքական են: Ունեն շատ լավ ֆուտբոլիստներ: Նրանք գտան ձեւը, թե ինչպես մեր դեմ խաղան, որպեսզի մեր խաղը չստացվի:

Ո՞րն էր այդ ձեւը:

Նրանք բազմաթիվ խախտումներ էին անում, որոնք մրցավարը չէր նկատում: Փակում էին մեր առաջատար ֆուտբոլիստներին: Երբ գնդակը հայտնվում էր Արասի, Հենոյի կամ ինձ մոտ, միանգամից մի քանի ֆուտբոլիստներ շրջափակում էին մեզ: Բուլղարացիները շատ կոպիտ էին խաղում եւ դրանով փորձում էին մեր խաղը փչացնել:

Ինչո՞ւ էին մեր տղաները տրվում սադրանքներին:

Չգիտեմ, թե ինչու այդպես եղավ: Բայց բոլոր թիմերում էլ կարող է դա լինել, եւ մենակ մենք չենք, որ չկարողացանք մեզ զսպել: Անգամ լավագույն ֆուտբոլիստները կարող են խաղի ժամանակ կորցնել իրենց: Ֆուտբոլը նաեւ էմոցիա է: Բայց մենք պետք է գիտակցեինք, որ իրենք շատ էին ցանկանում մեզ այդ օրին հասցնել եւ նրանց մոտ ստացվեց. մենք ստացանք երկու կարմիր քարտ:

Բուլղարիայի հավաքականն արժանի՞ էր այդ երեք միավորին:

Առաջին խաղակեսում՝ այո, քանի որ մենք շատ վատ ֆուտբոլ խաղացինք, իսկ երկրորդ խաղակեոսւմ չեմ կարող ասել, քանի որ մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտում չէին եւ հավասարը հավասարի դեմ խաղ չէր դա: Ես կարող եմ ասել, որ Բուլղարիան վատ թիմ չէր եւ նրանց հաղթանակը մեծ անակնկալ պետք է չլինի, քանի որ նրանք մինչեւ այդ ոչ ոքի էին խաղացել Իտալիայի հետ, իսկ մինչեւ այդ հաղթել էին Հոլանդիային:

Յուրա, 2012-ի խաղերը, եթե դիտենք Սերբիայից մինչեւ Բուլղարիա, մեր հավաքականը ցույց չի տալիս այն խաղը, որը մենք տեսանք անցյալ տարի, ո՞րն է պատճառը:

Չգիտեմ՝ որն է պատճառը: Ֆուտբոլը միշտ փուլերով է` մի պահ ստացվում է, մի պահ` ոչ: Մենք հիմա էլ շատ հեռու չենք այն ֆուտբոլից, որ խաղում էինք մեկ տարի առաջ:

Գիտեմ, որ մեր ժողովուրդը շատ մեծ հույսեր ունի, բայց սա սպորտ է: Եվ այնպես չէ, որ մեր այդ լավ խաղաշրջանից հետո մենք պետք է Բրազիլիայի կամ Արգենտիայի պես ֆուտբոլ խաղայինք: Մենք դեռ երիտասարդ թիմ ենք ու դեռ շատ բան ունենք սովորելու:

Երբ դիտում ես մեր հավաքականի խաղերը, ի՞նչ պակաս բաներ ես տեսնում մեր թիմի խաղում, կամ որո՞նք են թույլ օղակները:

Ես երբեք չեմ քննադատի իմ թիմին: Եթե ես ասելու բան ունենամ, ես դա կասեմ իմ թիմակիցներին եւ ուրիշ ոչ մեկին: Ես չէ, որ պետք է մտածեմ մեր թիմի թույլ կողմերի մասին: Մենք ունենք մարզիչ, ով գիտի մեր առավելություններն ու թերությունները:

Շատերին հետաքրիր է, թե ինչու մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստները իրենց թիմերում լավագույն ռմբարկուներն են, իսկ հավաքականում չի ստացվում գոլեր խփել:

Դա շատ սխալ հարց է: Ի՞նչ եք կարծում՝ մենք չենք ցանկանում գոլ խփել եւ հաղթել: Չէ որ մենք ենք խաղադաշտում 90 րոպե վազում եւ չարչարվում, որպեսզի գոլեր խփենք եւ ուրախացնենք մեր ժողովրդին: Իսկ թե ինչու չի ստացվում, դա ֆուտբոլ է: Միշտ չէ, որ կստացվի: Ես արդեն երեք խաղ է, որ ակումբում էլ չեմ կարողանում գոլեր խփել: Հավատացեք, որ մեզնից շատ ոչ ոք չի ցանկանում, որ մենք գոլեր խփենք:

Իտալիայի հետ խաղում մեր հավաքականի չորս առանցքային ֆուտբոլիստներ չեն խաղա: Եթե անկեղծ լինենք, կարծում ես՝ հաղթելու հնարավորություն կա՞:

Հնարավորություն միշտ էլ կա: Սա լավ հնարավորություն է այն ֆուտբոլիստների համար, ովքեր կփոխարինեն այն ֆուտբոլիստներին, ովքեր բաց են թողնելու այս խաղը: Իհարկե, շատ վատ է, որ Գեւորգի եւ Մարկոսի պես կարեւոր ֆուտբոլիստները չեն մասնակցի այդ խաղին, բայց մյուս կողմից էլ հնարավորություն կտրվի այլ ֆուտբոլիստներին եւ նրանք պետք է ցույց տան, որ կարող են խաղալ բացակա ֆուտբոլիստների պես լավ: Իտալիային հաղթել մենք կարող ենք: Իտալիայի հետ խաղը հեշտ չի լինելու, բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Այդ խաղում, ում ցանկությունն ավելի ուժեղ եղավ այդ թիմն էլ կհաղթի: Կարծում եմ մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու:

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը շատ կարճ ժամանակ աշխատեց մեր հավաքականում: Ի՞նչ տվեց քեզ նրա հետ աշխատելը:

Շատ կարճ տեւեց նրա աշխատելը  մեր հավաքականում: Նրա աշխատանքը հիմնականում ֆիզիկական պատրաստվածությունն էր` վերականգնողական ընթացքը:  Նա իր փորձը փոխանցեց մեր մարզիչներին: Կոնկրետ ինձ համար ոչ մի նորություն չկար, քանի որ այդ ամենը ես ԱՄՆ-ում սովորել եմ: Բայց  Վերհեյենը միանշանակ շատ լավ մասնագետ է:

Բուլղարիայի խաղին ներկա էին բազմաթիվ հայ երկրպագուներ Հայաստանից, Ռուսաստանից, Կանադայից եւ Բուլղարիայի տարբեր քաղաքներից: Ինչո՞ւ խաղից հետո հավաքականի ֆուտբոլիտսները չմոտեցան եւ չողջունեցին հայ երկրպագուներին: Միայն Բերեզովսկին մոտեցավ, դու էլ հեռվից ծափահարեցիր:

Ճիշտ է, դա շատ տգեղ էր մեր կողմից: Մենք միշտ սիրել եւ գնահատել ենք մեր երկրպագուներին: Մենք գիտենք, որ նրանք իրենց  քրտինքով վաստակած գումարը ծախսում են, որպեսզի գան եւ մեր խաղը դիտեն, բայց խաղը շատ նյարդային ստացվեց: Այդ պատճառով մեր ֆուտբոլիստները տրամադրություն չունեին: Ինձ դժվար է ասել, թե ինչու այդպես եղավ:

Բայց ամեն ինչ սկսվեց մարզումից, երբ երկրպագուները ֆուտբոլիստներին դիմավորեցին երգերով ու ծափողջուններով, եւ միայն մի քանի ֆուտբոլիստներ մոտեցան երկրպագուներին: Այդ ժամանակ դեռ չկար լարված խաղ եւ պարտություն:

Այս խաղը շատ լարված խաղ էր: Ֆուտբոլիստներ կային, որ խաղից առաջ էլ շատ էին լարվել:

Ինչպե՞ս տարաք «Կրասնոդարի» վերջին պարտությունը խոշոր հաշվով:

Եկեք անկեղծ խոսենք: «Անժին» շատ ուժեղ թիմ է: Այնտեղ խաղում է Դիարան, ով տասը օր առաջ խաղում էր «Ռեալում»: Այնտեղ խաղում են Էտո’Օ-ն, Բուսուֆան,  ովքեր աշխարհի ցանկացած թիմում կարող են խաղալ, եթե ցանկանան: Մեզ համար շատ դժվար էր: Նրանք կարգով ավելի բարձր էին եւ արժանիորեն հաղթեցին:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

“Կրասնոդարը” ջաղջախեց “Մորդովիային”, Յուրա Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ (վիդեո)


Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր Սարանսկի «Մորդովիային»:

Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվողՅուրա Մովսիսյանը: Սակայն ընդամենը 6 րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը: 30-րդ րոպեին Մովսիսյանը դուբլ ձևակերպեց և կրկին առաջ մղեց կրասնոդարցիներին:

54-րդ րոպեին Մովսիսյանը,  աջ եզրում շրջանցելով Օսիպովին, փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ գնդակին առաջինը հասավ Դուշան Անջելկովիչը՝ 4-1:

Սլավոլյուբ Մուսլինի սաները ի վերջո հաղթեցին 6-1 հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «Կռիլյա Սովետովին»: «Ցլերն» այժմ 10-րդն են:

Մովսիսյանը շարունակում է վստահորեն գլխավորել Ռուսաստանի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը: Յուրան 9 խաղում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: