Մարկոս. Ամեն ինչ կանենք, որպեսզի անցնենք որակավորման փուլը և մեկնենք Բրազիլիա


Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին պատասխանել է երկրպագուների հարցերին: Ակումբի պաշտոնական կայքում ներկայացված հարցուպատասխանը ներկայացնում ենք կրճատումներով:

-Ո՞րն է ձեր նպատակը նոր մրցաշրջանում:

-Իմ նպատակն է ցույց տալ գեղեցիկ խաղ և լավ հադես գալ, աստիճանաբար առաջ շարժվել: Մեր բոլորի նպատակն է այս տարի ավելի լավ արդյունքի հասնել, քան նախորդին:

-Հայաստանի հավաքականի ուժերը թույլ կտա՞ն աշխարհի առաջնության խմբային փուլից դուրս գալ: Ի վերջո, լավ կլինի խաղաս հայրենիքումդ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով, և ավելի հաճելի կլինի գլխավերևում պահել տիտղոսը: Կարո՞ղ եք այդ խնդիրը հաղթահարել թիմակիցների հետ:

-Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ շատ դժվար է լինելու: Բայց ֆուտբոլում ամեն ինչ սկսվում է 0-0 հաշվով, և 11 ֆուտբոլիստներ խաղում են ընդդեմ 11-ի: Այդ պատճառով ես չեմ կարող ասել, որ դա հնարավոր չէ: Դժվար է լինելու, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի անցնենք որակավորման փուլը և մեկնենք Բրազիլիա:

-Սիրու՞մ եք սուրճ: Եվ եթե այո, ապա սուրճի պատրաստման ո՞ր տարբերակն եք նախընտրում:

 

-Սուրճ սիրում եմ, բայց այնքան շատ չեմ խմում, ինչքան’ Հայաստանում: Սուրճ պատրաստելու ինչ-որ հատուկ մեթոդ չունեմ, կարևորը, որ այն լավը լինի: Այս առումով որևէ խորհուրդ չեմ կարող տալ, պարզապես կարող եմ ասել, որ բրազիլական սուրճը տարբերվում է բոլոր այն սուրճերից, որոնք ես փորձել եմ Եվրոպայում, Հայաստանում և Ռուսաստանում: Այնպես որ, եթե հնարավորություն լինի, փորձե’ք բրազիլական սուրճ:

 

-Քո կարծիքով  ինչպիսի՞ն է աշխարհի ամենագեղեցիկ կինը:

 

-Ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ կինը իմ կինն է: Նա ամեն ինչի պատրաստ է ինձ համար: Նա այն մարդն է, ում հանդեպ մեծ սեր ու համակրանք եմ զգում: Ինձ համար ամենաառանձնահատուկ կինն է:

-Մարկո’ս, ինչո՞ւ է ազգանունդ իտալական:

 

-Դուք իրավացի եք, ազգանունս իտալական ծագում ունի: Բրազիլիան տարբեր ազգերի խառնուրդ է: Բոլորը գիտեն, երբ Հարավային Ամերիկան բաց էր, շատերը տեղափոխվեցին այնտեղ: Այդ պատճառով հիմա շատերը այնտեղ  իտալական, իսպանական, պորտուգալական և աֆրիկական ծագում ունեն: Հիմա իմ ընտանիքին Ապենինյան թերակղզու հետ միայն ազգանունն է կապում:

 

-Երբ հայտնվես Աստծու առաջ, առաջինը ի՞նչ կասես նրան: 

 

-Ես կասեմ. «Աստվա’ծ, նայի’ր,թե երկրի վրա ինչքան անարդարություններ են տեղի ունենում: Շատ մարդիկ ուտելու ոչինչ չունեն այն ժամանակ, երբ ուրիշները արդեն չգիտեն` ինչ ցանկանան: Խնդրում եմ, արա’ այնպես, որ անարդարությունները քիչ լինեն:

-Ունե՞ս խաղակոշիկներ, որոնք պահում ես խփած գնդակները հիշելու համար:

 
-Ո’չ, խաղակոշիկներ չեմ պահել: Իհարկե, իմ կարիերայում եղել են կարևոր հանդիպումներ, բայց ես չեմ կենտրոնանում այն ամենի վրա, ինչն անցել է: Միշտ մտածում եմ այն մասին, որ  հաջորդ հանդիպմանը, հաջորդ մրցաշրջանին ավելի լավ հանդես գամ:

 

 

 

-Համարո՞ւմ ես, որ «Կուբանը» քո թիմն է:

 
-Իհարկե: «Կուբանը» ոչ միայն իմ թիմն է, այլ նաև իմ տունն է: Ինձ շատ հաճելի է շփվել ֆուտբոլիստների, մարզիչների և ակումբի բոլոր աշխատակիցների հետ: Նույնը կարող եմ ասել կնոջս մասին: Նրան շատ է դուր գալիս Կրասնոդարը: Նա շատ գոհ է, որ մենք այստեղ ենք տեղափոխվել: «Կուբանը» ինձ այնպիսի զգացողություն պարգևեց, որը ես երբեք չեմ զգացել: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, հաճույք եմ ստանում նրանից, ինչ անում եմ: Կարծում եմ` դա դրական է ազդում իմ խաղի վրա:

-Քո մեքենան կներկեի՞ր կանաչ և դեղին կամ էլ Հայաստանի դրոշի գույներով:

 
-Ո’չ, ես համեստ մարդ եմ: Ես այն մարդկանցից չեմ, ով իր կամ մեքենայի հետ անում է այնպիսի բաներ, որ բոլորի ուշադրության կենտրոնում հայտվի: Կարծում եմ, երբ հանդես եմ գալիս «Կուբանի» կամ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, խաղադաշտում ավելի շատ բան կարող եմ անել, որպեսզի ցույց տամ իմ սերը թիմի նկատմամբ, այլ ոչ թե ներկեմ մեքենաս: Լավ խաղ ցուցադրելը, լավագույն միջոցն է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար:

 

Ռոբերտ Արզոււմանյանը Կրասնոդարում է


Ինչպես հաղորդում է ռուսական «Սպորտ Էքսպրեսս»-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը այս պահին գտնվում է Կրասնոդարում, որտեղ փորձաշրջան է անցնում տեղի «Կրասնոդարի» կազմում:

Հիշեցնենք, որ Արզումանյանի իրավունքները պատկանում են լեհական «Յագելոնիային»: Հավաքականի 26 ամյա ֆուտբոլիստը մի քանի օր առաջ Սարանսկում էր, բայց Պրեմիեր լիգան ներկայացնող «Մորդովիան» չցանկացավ իր կազմում տեսնել Արզումանյանին:

Արաս Օզբիլիս. Երկուշաբթի ամեն ինչ պարզ կլինի


«Այժմ ընթանում են բանակցություններ. հստակություն կլինի երկուշաբթի, օգոստոսի 6-ին», «Այաքսից» «Կուբան» տեղափոխվելու հավանականության մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի խաղացող, Հոլանդիայի չեմպիոն Արաս Օզբիլիսը։

 

Արաս, քո տեղափոխության հավանականության մասին լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։

 

Այո, «Կուբանը» հետաքրքրվում է ինձանով։ Այժմ ընթանում են բանակցություններ։ «Կուբանն» ու «Այաքսն» առայժմ ոչ պաշտոնական բանակցությունների մեջ են։ Պայմանագիր, հստակեցված կետեր դեռ չկան։ Կա նախնական հետաքրքրվածություն։ Երկուշաբթի ամեն ինչ պարզ կլինի։

 

Դու ցանկանո՞ւմ ես տեղափոխվել «Կուբան»։

 

Այո, ցանկանում եմ, եթե միշտ խաղային պրակտիկա ունենամ։ Ինձ համար կարեւոր է միշտ խաղադաշտում լինելը։

 

Նախորդ հարցազրույցներից մեկում դու ասել էիր, որ չես ցանկանում հեռանալ «Այաքսից»։

 

Այս ընթացքում փոփոխություններ են եղել։ Եթե շահավետ առաջարկ լինի, ապա «Այաքսը» կվաճառի ինձ։

 

Чемпионат.com. «Կուբանը» մոտ է Արազ Օզբիլիզին ձեռք բերելուն


Կրասնոդարի «Կուբանը» մոտ է Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզին ձեռք բերելուն, տեղեկացնում է Чемпионат.com-ը` հղում կատարելով հոլանդական մամուլին:

 

Ներկա պահին 22-ամյա ֆուտբոլիստը մտածում է ռուսական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու առաջարկի շուրջ: Նշվում է, որ տրանսֆերի կայացումը կախված է հենց Օզբիլիզից, քանի որ ակումբներն արդեն համաձայնվել են տեղափոխության գումարի հարցում` 2 մլն եվրո:

 

Ավելացնենք, որ անցած մրցաշրջանում մեր ազգային հավաքականի կիսապաշտպանը ամստերդամյան թիմի կազմում մասնակցլ է 14 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ: