Ռոման Բերեզովսկի. Առաջիկա հանդիպումը մեր հավաքականի համար հեշտ չի լինելու


ArmFootball.com թղթակցի հարցազրույցը Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ:

 

— Ռոման, բարև Ձեզ: ArmFootball.com-ը շնորհավորում է «Դանդի Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի ու դարպասը անառիկ պահելու առթիվ:

 

— Շնորհակալություն:

 

— Խաղից ի՞նչ տպավորություններ ունես:

 

— Տպավորությունները միայն դրական են: Lավ խաղ էր, լավ արդյունքի հասանք: Շուտվանից չէի խաղացել, այդ պատճառով շատ հաճելի էր:

 

— Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալու մարզչի որոշումն ինչպե՞ս ընդունեցիք:

 

— Դե, մեկնարկային հուզմունք կար: Դա միշտ էլ լինում է յուրաքանչյուր խաղից առաջ:

 

— Արագ գոլն ի՞նչ-որ կերպ ազդեց հանդիպման հետագա հաշվի վրա:

 

— Իհարկե, այն խաղաց իր դերը:

 

— Տեղեկություն կար, որ Դուք առողջության հետ կապված խնդիրների պատճառով Շոտլանդիա չէիք մեկնել՝ մասնակցելու առաջին հանդիպմանը: Վնասվածք ունեի՞ք::

 

— Ոչ, իրականում, առողջության հետ կապված խնդիրներ չեն եղել: Պարզապես, թիմի ղեկավարությունը որոշեց, որ ես ու Ֆրոլովը («Դինամոյի» երրորդ դարպասապահը — ArmFootball.com) իրար հաջորդելով նստելու ենք պահեստայինների նստարանին:

 

— Օգտելով առիթից, ArmFootball.com-ի անունից շնորհավորել անցած ծննդյանդ օրվա առթիվ (օգոստոսի 5-ին — ArmFootball.com):

 

— Անչափ շնորհակալ եմ:

 

— Եվ, միևնույն ժամանակ ցանկանում եմ հարցնել. թիմում ինչ-որ կերպ ծնունդդ նշե՞լ եք:

 

— (ծիծաղում է) Ծննդյանս օրը համընկավ «Սպարտակի» դեմ խաղի հետ («Դինամոն» պարտվեց 0:4 հաշվով — ArmFootball.com): Իսկ ընդհանրապես, իհարկե, շնորհավորեցին ամբողջ թիմով: Սակայն, ցավոք, այդ օրը թիմը լավ արդյունք ցույց չտվեց:

 

— Ռոման, այդքան երկար ժամանակ պահեստայինների նստարանին մնալուց հետո դեռ հավատու՞մ էիր, որ հնարավորություն կստանաս խաղադաշտ դուրս գալ:

 

— Ես պայմանագիր ունեմ «Դինամոյի» հետ ու պետք է միշտ լավ մարզավիճակում լինեմ և սպասեմ իմ հնարավորությանը:

 

— Ինչ վերաբերում է Կազանում կայանալիք Ռուսաստանի առաջնության հանդիպմանը: Մարզչի հետ խոսակցություններ եղե՞լ են, թե ով է պաշտպանելու դարպասը կիրակի օրը:

 

— Դեռ պարզ չէ, թե ով կլինի մեկնարկային կազմում: Բոլորս էլ կպատրաստվենք , իսկ մարզիչը կորոշի, թե ով դուրս կգա խաղադաշտ:

 

— Իսկ ե՞րբ եք ժամանելու Հայաստան բելառուսների հետ հանդիպմանը պատրաստվելու համար:

 

— «Ռուբինի» դեմ հանդիպման հաջորդ օրը կժամանեմ Երևան:

 

— Ի՞նչ գիտես մեր ապագա մրցակցի` Բելառուսի հավաքականի մասին:

 

— Դե, մեզ մոտ «Դինամոյում» երկու ֆուտբոլիստ կա այդ հավաքականից: Երիտասարդ են, ճարպիկ, եռանդուն: Լավ տպավորություն են թողնում: Իհարկե, այստեղ նրանք շատ խաղաժամանակ չեն ստանում: Սակայն նրանք լավ են աշխատում են մարզումների ժամանակ: դատելով այդ երկու ֆուտբոլիստների խաղով՝ կարծում եմ` առաջիկա հանդիպումը մեր հավաքականի համար հեշտ չի լինելու:Առանց այդ էլ հայտնի է, որ Բելառուսի հավաքականում շատ են ուժեղ ֆուտբոլիստները:

 

Արաս Օզբիլիս. Անհամբերությամբ սպասում եմ Երևանյան առաջին խաղին


Հայաստանի հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիզը, որը մի քանի օր առաջ պաշտոնապես ներկայցվել է որպես Կրասնոդարի Կուբանի ֆուտբոլիստ, Կուբան մարզադաշտի VIP տրիբունայից կրասնոդարյան դերբիին հետևում էր Դավիթ Մանոյանի հետ: Հանդիպման մեկնարկից առաջ Արասը հաճույքով պատասխանեց Totalfootball.am-ի թղթակցի հարցերին:

 

 

— Արաս, արդեն նոր ակումբ ես տեղափոխվել: Երկա՞ր մտացեծիր ռուսական ակումբի առաջարկն ընդունելուց առաջ:

 

— Այո, իհարկե մտածել եմ:  Բացի այդ երկար զրույց եմ ունեցել նաև Այաքսի գլխավոր մարզչի հետ: Կարծում եմ, որ այս պահի համար սա լավագույն տարբերակն էր և ուրախ եմ այս ընտրության համար:

 

 — Ի՞նչ կարծիք ունես Ռուսաստանի առաջնության մասին: Սա լա՞վ վայր է կարիերան շարունակելու համար:

 

— Կարծում եմ, որ բավական լավ առաջնություն է: Այս առաջնությունից են Պրեմիեր լիգայի ակումբներ տեղափոխվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեմանյա Վիդիչն ու Բրանիսլավ Իվանովիչը, ովքեր այժմ խաղում են Մանչեսթեր Յունայթեդում և Չելսիում: Այնպես որ, շատ մեծ ակումբներ ուշադրությամբ հետևում են այս առաջնության խաղերին:

 

 — Քանի՞ մարզում ես արեն հասցրել անցկացնել նոր ակումբի կազմում և ինչպիսի՞ն են տպավորությունները: Մե՞ծ են տարբերությունները Այաքսի համեմատությամբ:

 

— Ընդամենը երկու մարզում եմ անցկացրել մինչ այժմ և ամեն ինչ ինձ դուր է գալիս այստեղ: Կոլեկտիվը շատ լավն է և ինձ օգնում են արագորեն հարմարվել:

 

 — Կուբանի մարզիչն է անցյալում ճանաչված ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն: Ի՞նչ կարծիք ունես նրա մասին և որքանով նա կարող է օգնել հետագա առաջընթացի հարցում:

 

— Այո, նա սոլիդ մարզիչ է և հետաքրքիր կլինի աշխատել նրա գլխավորությամբ: Նա պահանջկոտ է և գիտի, թե ինչ է ուզում: Կարծում եմ, որ շատ բաներ կկարողանամ սովորել նրանից:

— Ինչպե՞ս արձագանքեցին քո ընկերները և ընտանիքդ նրան, որ հեռանում ես Այաքսից և առաջին անգամ խաղալու ես տանից հեռու:

— Բոլորն էլ գիտեն, որ օրերից մի օր ես հեռանալու եմ:  Միգուցե, շատ վաղ ստացվեց, բայց սա պետք է տեղի ունենար: Իհարկե, դա դժվար էր մայրիկիս համար, բայց այսպիսին է ֆուտբոլիստի կյանքը: (ժպտում է):

— Ի դեպ, քո ծնողները Երևան էին ժամանել: Ինչպիսի՞ տպավորություններով հեռացան:

— Այո, նրանք առաջին անգամ էին Հայաստանում և շատ լավ տպավորություններ են սպացել: Նրանք անպայման կվերադառնան:

— Հայաստանի հավաքականում մեկ հանդիպում ես անցկացրել մինչ այժմ և արձագանքները միայն դրական էին: Ինչպիսի՞ն են ակնկալիքները Երևանում կայանալիք Բելառուսի դեմ խաղից:

— Այո, առաջին հանդիպումս եմ անցկացնելու Երևանում և մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպումը: Կարծում եմ, որ լավ նախապատրաստություն կլինի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ:

 — Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստ կա Կուբանում արդեն: Դա առավելությու՞ն է:

— Իհարկե, շփման հետ խնդիրներն ի սկզբանե բացակայում են այստեղ: Բացի այդ նրանք կօգնենք հայերենի իմացությունս զարգացնել:

 — Հավաքականում խաղալուց հետո կա՞ առաջընթաց այդ հարցում: Կգա՞ մի օր, երբ հարցազրույց կանցկացնենք հայերենով:

— Իրականում հայերեն եմ պարապում բոլորից գաղտնի: Հիանալի կլինի, եթե սկսեմ հայերեն հարցազրույցները տալը: (Ժպտում է:)

 Դավիթ Գալստյան, Կրասնոդար