Հայաստանի հավաքականի մարզումը (վիդեո)


Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը: Մարզմանը ներկա էին բոլոր ֆուտբոլիստները:

Ձեզ ենք ներկայացնում news.am-ի նկարահանած տեսանյութը, որտեղ կարող եք դիտել հավաքականի մարզումը, ինչպես նաև ֆուտբոլիստների հարցազրույցները:

Յուրա Մովսիսյան. Բելառուսը շատ նման է Բուլղարիային


Այսօր Հայաստանի հավաքականը բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսեց 2 օր անց կայանալիք Բելառուսի հետ հանդիպման մասին, ինչպես նաև իր խաղընկերներ Արազ Օզբիլիսի ու Ռոբերտ Արզումանյանի մասին:

«Չափազանց կարևոր խաղ է սպասվում: Բելառուսը շատ նման է Բուլղարիային, որն Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցն է: Բելառուսի հավաքականը բարձրակարգ թիմ է, որտեղ ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում»,- ասաց Մովսիսյանն ու հավելեց որ մեր հավաքականի ֆուտբոլիստներն այժմ գերազանց մարզավիճակում են:

Արդեն տեղեկացրել ենք, որ Բելառուսի հավաքական է հրավիրվել ազգությամբ հայ Անդրեյ Խաչատուրյանը: Յուրա Մովսիսյանը կարծում է, որ այլ երկրի հավաքականում խաղացողն իրավունք չունի հայ կոչվելու:

«Ի՞նչ հայ, եթե Բելառուսի հավաքականում է խաղում: Եթե հայ լիներ կխաղար Հայաստանի հավաքականում: Նրա մասին կարծիք չեմ հայտնի»,- նկատեց Յուրա Մովսիսյանը:

Անդրադառնալով վերջերս «Կուբան» տեղափոխված Արազ Օզբիլիսին, և այժմ «Կրասնոդարում» մարզվող Ռոբերտ Արզումանյանին` Յուրա Մովսիսյանն ասաց հետևյալը. «Արազն ինքն է իր ընտրությունը կատարել: Ես էլ եմ ժամանակին Եվրոպայից տեղափոխվել Ռուսաստան և սկզբանական շրջանում խնդիրներ եմ ունեցել, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Եթե Արազն ուրախ է տեղափոխության համար, ապա բոլորս էլ ուրախ ենք: Բացի այդ Ռուսաստանում լավ են վարձատրում:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին` նա հիմա թիմ է փնտրում: Շատ լավ կլինի, եթե Ռոբերտը շուտ գտնի իր թիմը, քանի որ նա Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է և խաղային պրակտիկայի կարիք ունի»,- եզրափակեց Հայաստանի հավաքականի հարձակվողը:

Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց


Հայաստանի ազգային հավաքականն այսօրվանից սկսեց նախապատրաստվել օգոստոսի 15-ին Երեւանի “Հանրապետական” մարզադաշտում Բելառուսի ազգային ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:

Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներըն արդեն ժամանել են մեր ընտրանու ճամբար: Այսօր հավաքականը բաց մարզում անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում, որին ներկա էին նաեւ “FAF” եւ “Red Eagles” ֆան-ակումբները, որոնք ջերմորեն աջակցում էին հավաքականի ֆուտբոլիստներին:

Ուկրաինայում հանդես եկող մեր բոլոր լեգեոներները քիչ առաջ են միացել հավաքականին`Ֆուտբոլի ակադեմիա ժամանելով միանգամից օդանավակայանից:

Հայաստանի հավաքականը եւս մեկ մարզում կանցկացնի վաղը, որը, սակայն, փակ է լինելու: Մեր ընտրանու մարզման լուսանկարները եւ տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ:

Ազգությամբ հայ ֆուտբոլիստը հրավիրվել է Բելառուսի հավաքական


Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող Բելառուսի ընտրանու կազմում հերթական փոփոխությունն է տեղի ունեցել, տեղեկացնում է Բելառուսի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Վնասվածք ստացած Դենիս Պոլյակովի փոխարեն հավաքական է հրավիրվել Սոլիգորսկի «Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը: Հ

իշեցնենք, որ ավելի վաղ Խաչատուրյանը դիտարկվում էր որպես Հայաստանի հավաքականի թեկնածու:

Ավելացնենք, որ Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Երևանի «Հանրապետական» տեղի ժամանակով 20:00-ին և ուղիղ եթերով կցուցադրվի Հ1 հեռուստաալիքով:

Հայաստանի հավաքականի բաց մարզումը, այսօր` 19:00-ին


Այսօր, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ժամը 19:00-ին կսկսվի Հայաստանի հավաքականի բաց մարզումը:

Մարզումից հետո, ժամը 20:00-ից 21:00-ն ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել ֆուտբոլիստների հետ: