Կուբանը հաղթեց Վոլգային, Մարկոսը դարձավ դուբլի հեղինակ (վիդեո)


Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» գոլառատ խաղում 6:2 հաշվով ջախջախեց «Վոլգային»:

Հայաստանի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ մասնակցեցին այս խաղին:

«Կուբանից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Մարկոս Պիզելլին: Նա 13-րդ ու 47-րդ րոպեներին դարձավ իր թիմի 2-րդ և 4-րդ գոլերի հեղինակը: Մարկոսը նաև դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Արազ Օզբիլիզը փոխարինման մտավ 59-րդ րոպեին: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արթուր Սարկիսովը: Սարկիսովը իր թիմի համար այս խաղում վաստակեց 11-մետրանոց հարված:

«Կուբանը» այս հաղթանակից հետո 9 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Վոլգան» վաստակած երեք միավորով նախավերջին` 15-րդ տեղն է զբաղեցնում:

Յուրա Մովսիսյան. Անհամբեր սպասում եմ Մալթայի հետ խաղին


Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում դուբլի հեղինակ դարձավ’ խփած գոլերի քանակը հասցնելով 6-ի: Չնայած Յուրան երեկ արդյունավետ խաղ ցուցադրեց, սակայն բարձր տրամադրություն չուներ, քանի որ «Ամկարի» հետ արտագնա մրցավեճում կրասնոդարցիներն, ունենալով 2 գնդակի առավելություն, միայն մեկ միավոր վաստակեցին:

— Մենք երեկ երկու միավոր կորցրինք, — armsport.am-ի հետ զրույցում ասաց Յուրա Մովսիսյանը,- հաղթանակ տոնելու շատ լավ շանսեր ունեինք, բայց չկարողացանք, ու մեզ համար շատ վատ արդյունք գրանցվեց:

— Ի՞նչը խանգարեց պահպանել շոշափելի առավելությունը:

— Եղան կոպիտ սխալներ, որոնցից մրցակիցը օգտվեց: Մեր թիմի գործած սխալներն ամենևին էլ պարտադիր չէին: Կարելի է ասել` նվեր մատուցեցինք հակառակորդ թիմին:

— Ամեն դեպքում, երկու գնդակ խփեցիր, որոնցից հատկապես գեղեցիկ ստացվեց երկրորդը, երբ կարողացար անցնել երկու խաղացողների միջոցով ու գրավել դարպասը: Ինչպե՞ս հաջողվեց ապակողմնորոշել պաշտպաններին:

— Այդ դրվագում պետք է կա’մ անցնեի նրանց, կա’մ գցեին: Անցա, թեև փորձեցին գցել, ու կոնտակտ կար, սակայն դիմացա, չընկա ու գրավեցի դարպասը: Ընդհանրապես, ընկնել չեմ սիրում ու փորձում եմ մինչեւ վերջ կանգնած մնալ:

— 6 գոլ` 6 խաղում… Բավական տպավորիչ է…

— Այս տարի ավելի լավ եմ հարմարվել թե’ «Կրասնոդարին», թե’ Ռուսաստանի Պրեմիեր լիգային: Նախորդ տարի նորամուտս նշեցի այստեղ, ու ժամանակ էր պետք լիովին մերվելու համար:

— «Կրասնոդարը» ներկայումս ընթանում է 8-րդ տեղում: Ինչպե՞ս կգնահատես մեկնարկը ու որքանո՞վ է այս հորիզոնականն արտացոլում թիմի` մեկնարկում ցուցադրած խաղը:

— Մրցաշարային աղյուսակում մեր զբաղեցրած դիրքը համապատասխանում է մեր ցուցադրած խաղին: Չէի ասի, թե պետք է ամենավերևի հատվածում լինեինք: Ստացել ենք այն, ինչ արել ենք:

— Արդեն մտածո՞ւմ ես աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկի մասին:

— Այո’, անհամբեր սպասում եմ Մալթայի հետ խաղին: Մրցակցի մասին դեռ քիչ բան գիտեմ: Նրանց մասնակցությամբ մեկ խաղ եմ դիտել, որում խաղում էին Լատվիայի դեմ: Լավ տպավորություն թողեցին, ու չի կարելի ասել, թե հեշտ մրցակից են: Ինչ վերաբերում է Բելառուսի հետ մեր վերջին ընկերական խաղին, ապա մենք պարզապես չիրացրինք մեր գոլային պահերը, իսկ մրցակիցն իր եզակի հնարավորությունները վերածեց գոլերի: Ֆուտբոլն այդպիսին է. չես խփում, չես հաղթում: