Վարդան Մինասյան. Ես նման տեղեկություններ չունեմ…


Մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջիկայում գլխավորելու է Կրասնոդարի «Կուբանը» եւ որ Դան Պետրեսկուի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվում է «Կուբանի» գլխավոր մարզչի ամենահիմնական հավակնորդը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ ինքն այդ մասին լսում է առաջին անգամ եւ որ ինքը նման տեղեկություններ չունի»:

Վարդան Մինասյանը Հենրիխ Մխիթարյանի մասին


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը զրուցել է ռուսական Sport-Express մարզական պարբերականի հետ՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ վերջին ամիսների հաջողություններին։ Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

 

-Ձեր սանն աչքի ընկավ երկրորդ անգամ՝ «Զվեզդա» մրցույթում դառնալով նաև հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Ի՞նչ եք կարծում, Մխիթարյանը հնարավորություն ունի հաղթել այս մրցույթը տարվա արդյունքներով։

 

-Ունի։ Այն մարզավիճակը, որում ներկայում գտնվում է Հենրիխը, կարելի է ֆանտաստիկ համարել։ Ես մշտապես դիտում եմ «Շախտյորի» խաղերը։ Այնպիսի տպավորություն է, որ առանց Մխիթարյանի Դոնեցկի թիմի խաղն այն չէր լինի։

 

-Նման բարձունքի հասնելու համար նա պետք է հաջողություններ ունենա նաև Հայաստանի հավաքականում։ Թիմը կօգնի՞ նրան։

 

-Պետք է որ օգնի։ Թեպետ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, և հավաքականում չի կարելի կենտրոնանալ այն բանի վրա, որ Հենրիխը պետք է մրցանակ շահի։ Մենք ունենք մրցաշարային խնդիրներ, դրանց վրա էլ կկենտրոնանանք։

 

-Մխիթարյանի վերջին հաջողությունները անակնկա՞լ էին Ձեզ համար։

 

-Իհարկե, ո՛չ։ Մենք 2006թ.-ից աշխատել ենք նրա հետ։ Եթե բնութագրենք Մխիթարյանին մեկ նախադասությամբ, ապա՝ նա մեծ պրոֆեսիոնալ է։ Սրան կավելացնեմ Հենրիխի խաղային որակները, որը նրա մոտ բնածին են։ Չեմ ցանկանում օգտագործել «աստղ» բառը, սակայն Հենրիխը բոլոր հնարավորություններն ունի բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար։ Մյուսների մասին ասում են՝ այս որակները նա ունի, իսկ այս մեկը՝ ոչ։ Մխիթարյանն ունի ճիշտ մտածելակերպ, դրիբլինգ, հարված, փոխանցումներ կատարելու ունակություն։

 

-Չե՞ք կարծում, որ նրա մենթալիտետը տարբերվում է հայ մյուս ֆուտբոլիստների մենթալիտետից։

 

-Տարբերություններ կան, այդ պատճառով Հենրիխը նման խաղ է ցուցադրում «Շախտյորի» կազմում։ Մենք, անկասկած, առանց նրա էլ ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Սակայն նրանց մոտ տարբեր պատճառներով չի ստացվում (Հենրիխի նման – խմբ․), բավարար չէ նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը գործին։ Հայաստանը ֆուտբոլային ազգ է, և եթե մեր խաղացողները չեն հասնում արդյուքնների, նշանակում է, որ սխալ են կիրառում բնածին տաղանդը։

 

-Իսկ ինձ թվում է, որ Հենրիխին խաղադաշտում պակասում է եսասիրությունը։ Դարպասին հարվածելու փոխարեն նա փոխանցում է կատարում։

 

-Կարծում եմ, որ հենց դա էլ նրան մեծ ֆուտբոլիստ է դարձնում։ Ոչինչ պետք չէ փոխել։

 

-Հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում եղել են շատ աստղեր՝ Անդրեասյան, Մարկարով, Հովհաննիսյան։ Կարելի՞ է ասել, որ Հենրիխը նրանց հետ նույն շարքում է։ 

 

-Ես չէի ցանկանա համեմատել։ Թվարկված ֆուտբոլիստները պայծառ անձնավորություններ են։ Ինձ բախտ է վիճակվել խաղադաշտում տեսնել միայն Խորեն Հովհաննիսյանի խաղը, մյուսների՝ տեսանյութով։ Մեր ֆուտբոլը ճանաչում են հենց այդ ֆուտբոլիստների միջոցով։ Մինչև հիմա ԽՍՀՄ նախկին տարածքում երկրպագուները հիշում են Հովհաննիսյանի գոլը 1982-ի Աշխարհի առաջնության ժամանակ։ Պարզապես կասեմ, որ դրանք տարբեր դարաշրջանների ֆուտբոլիստներ են, և ներկայիս հայ ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հենրիխը, պետք է երկար ճանապարհ անցնեն։ Ակնհայտ է, որ նրանք որոշակի ձեռքբերումներ ունեն, և դա հույս է ներշնչում, որ ուղղությունը դեպի վեր կլինի շարունակական։

 

-Միրչա Լուչեսկուի աշխատանքը «Շախտյորում» նպաստու՞մ է Մխիթարյանի աճին։

 

-Միանշանակ։ Ուկրաինայի առաջնությունը չես կարող համեմատել մեր առաջնության հետ, արագություններն այստեղ շատ բարձր են։ Չեմպիոնների լիգային ամենամյա մասնակցությունը մեծ փորձ է։ Իսկ աշխատանքը նման անվանի մարզչի ղեկավարությամբ, ինչպիսին Լուչեսկուն է, շատ բան կտա ցանկացած ֆուտբոլիստի։ Դոնեցկի ակումբն ուժեղագույնն է Ուկրաինայում։

 

Հայաստանի հավաքականի մոտավոր մեկնարկային կազմը


Այսօր, օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի միջև ընկերական հանդիպում:

Հաշվի առնելով մարզչի կարծիքները, ֆուտբոլիստների մարզական վիճակները, մենք ներկայացնում ենք մեր հավաքականի մեկնարկային կազմը, որը այսօր ընկերական հանդիպման դուրս կգա Բելառուսի դեմ, իհարկե սա մեր կարծիքն է, և կարող է չհամընկնել իրականության հետ: Եվ այսպես.

Դարպասապահ.

Ռոման Բերեզովսկի

Պաշտպաններ.

Սարգիս Հովսեփյան

Վալերի Ալեքսանյան

Հրայր Մկոյան

Արտակ Եդիգարյան

Կիսապաշտպաններ.

Հենրիխ Մխիթարյան

Արաս Օզբիլիս

Արթուր Եդիգարյան

Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզզելի

Հարձակվող

Յուրա Մովսիսյան

Այս սխեմայով հավաքականը կխաղա 4-1-5-1 մարտավարությամբ, այսինքն 4 պաշտպան, 1 հենակետային կիսապաշտպան, 4 առաջ քաշված կիսապաշտպան և 1 հարձակվող: Այս պարագայում Հենրիխ Մխիթարյանը անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ հենակետայինի դիրքում, օգնելով Արթուր Եդիգարյանին: