Վարդան Մինասյան. Մենք պատրաստ չէինք սադրանքներին


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին

-Պարոն Մինասյան, հասցրե՞լ եք հանգստանալ:

-Անկեղծ ասած Երևան ժամանելուս օրը տնից դուրս չեմ եկել, բջջային հեռախոսս էլ չեմ միացրել: Ինքնազգացողությունս մի քիչ լավ չէր, ավելի ճիշտ տրամադրությունս էր վատ: Այսօր համեմատաբար լավ եմ:

-Հասկանալի է, իհարկե, բայց արդյոք Դուք էլ էք կարծում, որ բոլոր խաղերում անխտիր պետք է հաղթենք:

-Ոչ, իհարկե, բայց մենք ձգտում ենք դրան: Խնդիրը հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: Մենք միշտ պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ցանկությամբ, բայց նույնիսկ աշխարհի ամենաուժեղ հավաքականները միշտ չեն հաղթում: Դա երկրպագուի ցանկությունն է: Ինձ համար այս խաղում ամենաբացասականը մեր ֆուտբոլիստների պահվածքն էր: Ես առաջին անգամ էի նրանց այդպես տեսնում և զարմացած էի: Իհարկե, իմ բացատրություններն ու իմ եզրակացություններն ունեմ, բայց միայն ֆուտբոլիստների հետ հանգամանալից զրուցելուց հետո կփորձեմ խնդրին մոտենալ:

-Լավ, իսկ սովորաբար ինչպե՞ս եք հանգստանում:

-Սովորաբար ընտանիքիս հետ, երեխաներիս հետ: Իրենց հետ կտրվում եմ աշխատանքից, իրականությունից, զգում եմ, որ կյանքում բացի ֆուտբոլից ուրիշ բաներ էլ կան ու, գուցե, շատ ավելի կարևոր (ժպտում է):

-Անդրադառնա՞նք հանդիպմանը:

— Բուլղարացիները շատ լավ ուսումնասիրել էին մեր հավաքականի խաղը: Նրանք գիտեին մեր թե ուժեղ, թե թույլ կողմերը: Գիտեին, որ մեր թիմն արագ ֆուտբոլ է խաղում, նամանավանդ հակագրոհների ժամանակ, եւ ուզում էին ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել թե ֆուտբոլային և, թե ոչ ֆուտբոլային միջոցներով: Դա նրանց ընտրած խաղաոճն էր, իրենց մարզչի կողմից ընտրված խաղի ձևն էր: Եղան նաև որոշակի սադրանքներ, բայց ես այն կարծիքին եմ, որ մեզ վրա չպետք է ազդեր այդ ամենը: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց կարծում եմ, որ սադրանքներին հատկապես չպետք է ենթարկվեինք: Բոլորը պետք է հասկանան, որ ֆուտբոլը խաղ է, ոչ թե կռիվ: Այսպիսի արտահայտություն կա` պետք է կռիվ տաս… Ես այդ բառերը չեմ ընդունում: Պետք է ֆուտբոլ խաղալ, սա կռվի դաշտ չէ: Մենք պետք է գիտակցենք, որ մեզ արդեն ուրիշ կերպ են ընդունում, ամեն ինչ անում են մեզ հաղթելու համար, բայց եթե ուզում ենք ինչ- որ արդյունքի հասնել, պետք է անտեսենք այդ ամենը և կենտրոնանանք խաղի վրա: Այս առումով մեր թիմը դեռ պետք է փորձ կուտակի:
Պարզ դարձավ, որ մենք պատրաստ չէինք սադրանքներին: Իսկ եթե բուն խաղից խոսենք, ապա մեր մարտավարությունը հիմնված էր արագ հակագրոհների վրա: Հանդիպման առաջին 20-25 րոպեներին մեր դարպասի վրա ճնշումը շատ մեծ էր, և չէր ստացվում հակագրոհել: Այնուհետև խաղն անցավ մեզ ձեռնտու հունի մեջ, որովհետև, եթե չեմ սխալվում, դաշտի տերերը մեր դարպասին, բացի գոլից, մեկ հարված են կատարել: Նրանց գրոհները հասնում էին մինչև մեր տուգանային հրապարակ: Բայց խաղի վրա ազդեցին որոշ դրվագներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել: Նախ վնասվածք ստացավ Լևոն Հայրապետյանը,ով մինչ այդ լավ էր կատարում իր արտականությունները: Հետո հակագրոհի արդյունքում գոլ բաց թողեցինք, և արդեն պետք է փոխեինք խաղի պլանը: Երկրորդ խաղակեսում խաղն ամբողջովին կարգավորվել էր` մանավանդ Մարկոսի դաշտ դուրս գալուց հետո, ունեցանք գոլային պահեր: Բայց եղան երկու կարմիր քարտերը, որոնք փոխեցին խաղի ողջ ընթացքը: Հատկապես շատ է խոսվում մեր պաշտպանության մասին` մանավանդ կենտրոնական գոտում, բայց ես կարող եմ ասել, որ այս խաղում երկու կենտրոնական պաշտպաններն էլ լավագույնս էին խաղում: Թե Ռոբերտ Արզումանյանի, թե Հրայր Մկոյանի խաղից գոհ եմ: Ու ես միշտ ասել եմ` չկա կենտրոնական պաշտպան, աջ պաշտպան, կա թիմային պաշտպանություն: Փաստն այն է, որ այս երկու խաղերում էլ մեզ մոտ ավելի շատ ստացվեց թիմային պաշտպանությունը, քան հարձակումը: Արդյունավետ հարձակում, որը մենք սովոր ենք տեսնել, չտեսանք:
Սխալներ, անշուշտ, կային մեր խաղում, բայց ուզում եմ կրկնել, որ ինձ համար կարևոր է ֆուտբոլիստների պահվածքը, կարգապահությունը: Ինչ էլ անի մեր մրցակիցը, մենք պետք է հոգեբանորեն պինդ լինենք և ուշադրություն դարձնենք միայն մեր խաղի վրա: Ես միշտ նրանց ասում եմ՝ մրցավար, մրցակից մեզ համար չպետք է գոյություն ունենան, մեզ համար պետք է լինի միայն մեր խաղը: Որովհետև, եթե ուշադրությունդ խաղից շեղվում է, ապա խաղի վրա կենտրոնացումը կորցնում ես:

-Ամբողջական վերլուծություն մարզչական շտաբով, ենթադրելի է, որ դեռ չեք արել:

-Ամբողջական, դետալային վերլուծություն` դեռ ոչ: Նախնական վերլուծություն, իհարկե, եղել է: Իհարկե պարտությունը բացասական է, բայց մեզ համար ամենավատը Լևոն Հայրապետյանի վնասվածքն էր, ով կարող է մի քանի ամիս դուրս մնալ խաղից: Երկրորդը` Գևորգի և Մարկոսի որակազրկումն է 2 և ավելի խաղերով, և երրորդը` խաղացողների կարգապահությունը:

— Երկրպագուների մի հարց Ձեզ փոխանցենք. Ինչ՞ու մեր տղաներն ավելի արդյունավետ խաղում են իրենց թիմերում, քան հավաքականում:

-Հասկանում եմ, ուզում եք նվիրվածության մասին խոսել: Ինչ վերաբերում է նվիրվածությանը, պետք է ասեմ, որ դա, ընդհանրապես, շատ կարևոր գործոն է: Ցանկացած ֆուտբոլիստ պետք է անմնացորդ նվիրվի իր գործին: Ես առաջինը նվիրվածություն եմ պահանջում մեր ֆուտբոլիստներից ու հայրենասիրություն: Ու նրանք մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ ունեն այդ որակները: Բայց միայն նվիրվածությունը բավարար չէ: Ֆուտբոլում շատ մանրուքներ կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ: Հաղթանակը շատ գործոնների համադրություն է: Ես հիմա հստակ տեսնում եմ, որ որոշ ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակ է: Օրինակ մենք տեսանք, որ Յուրա Մովսիսյանի ֆունկցիոնալ վիճակը լավ չի: Իսկ ֆուտբոլն այն մեխանիզմն է, որ եթե մեկ հոգի դուրս է մնում խաղից, նամանավանդ միջազգային հանդիպումներում, խաղի ընթացքը փոխվում է:

-Դժվար էր, այնուամենայնիվ, մեկնարկային հանդիպումն անցկացնել դրսում եւ երկու արտագնա հանդիպում մի քանի օրում:

Դժվար էր, իհարկե, սակայն ես միշտ ասել եմ, որ որեւէ նշանակություն չունի` սեփական դաշտում ես խաղում, թե հյուրընկալվելիս: Եթե խոսենք Մալթայի խաղից, ապա զգացվում էր թիմի մեկնարկային լարվածությունը: Հանդիպումից առաջ մենք խնդրել էինք, որ խաղադաշտը ջրեին, բայց չէին արել, և խաղադաշտի որակը բավարար չէր: Նշեմ նաև անտանելի տոթ եղանակն ու խոնավությունը, որը նույնիսկ մեզ, ովքեր չէին խաղում, անհանգստություն էր պատճառում: Այդ պատճառով էլ խաղի տեմպը ցածր էր, իսկ երկրպագուն արդեն ընտելացել է, որ Հայաստանի հավաքականը պետք է արագ ֆուտբոլ խաղա: Իհարկե, կարևորն այն է, որ հաշիվը դրական եղավ մեզ համար, քանի որ այդ պահին պետք էր բնավորություն ցույց տալ, ինչն էլ մեր տղաները ցուցադրեցին: Նախկինում մենք առաջին հերթին ֆուտբոլիստներից պահանջում էինք գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, իսկ այժմ նրանցից միայն արդյունք ենք պահանջում, որը մեծ հոգեբանական ճնշում է նրանց վրա: Եվ Բուլղարիայի հետ խաղում դա իրեն զգացնել տվեց: Պարտվում էին, ուզում էին ամեն կերպ վերականգնել հաշիվը: Դա էլ է խոսում հաղթանակի ձգտման մասին: Մեր տղաներն անտարբեր չէին, դա շատ լավ որակ է, նրանք ուզում էին փոխել խաղի ընթացքը, ուղղակի պետք էր փոխել խաղով, այլ ոչ թե կռվով:

-Եթե ամփոփենք:

-Մալթային հաղթեցինք, իսկ բուլղարացիները ոչ թե հաղթեցին մեզ, այլ մենք պարտվեցինք:

-Ռայմոնդ Վերհեյենի մասին ինչ -որ բան կասեք: Twitter-ի իր էջում նա գրել է. «Ցավում եմ, որ Հայաստանի և Ուելսի հավաքականները պարտվել են: Երկու խաղերն էլ դիտել եմ տանը, քանի որ կիրակի օրն անձնական պատճառներով հեռացել եմ Հայաստանի մարզաբազայից»:

-Ռայմոնդը շատ պրոֆեսիոնալ, լավ մասնագետ է, ու այն ժամանակը, որ նա անցկացրել է Հայաստանի հավաքականում, արդյունավետ է եղել թե թիմի, թե մարզիչների համար: Դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում իրեն: Ինչ վերաբերում է այդ որոշմանը, դա նրա անձնական որոշումն է, և մենք պետք է այդ որոշումը հարգենք:

-Ինչ-որ բան կասե՞ք մեր հավաքականի երկրպագուներին:

-Մեզ համար երկրպագուն շատ թանկ է: Եվ երկրպագուն նա է, ով միշտ եւ ցանկացած իրավիճակում է Ազգային հավաքականի կողքին: Պետք չէ լինել ծայրահեղական: Կրկնում եմ. մենք միշտ ձգտում ենք հաղթանակի: Ցանկությունը շատ մեծ է, բայց միշտ չի այդպես լինում, ու ես ի տարբերություն երկրպագուների էմոցիաներով չեմ շարժվում: Մենք ունենք Ազգային հավաքական, պետք է սիրենք մեր հավաքականը: Ծայրահեղ ենք. լավ է՝ ուրախանում ենք, վատ է՝ փնովում ենք: Պետք է հավատալ հավաքականին:

Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին


Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին (հարցազրույցը կայացել է մինչև Բուլղարիայի հավաքականի դեմ հանդիպումը):

 

— Հենրի՛խ, Հայաստանի հավաքականը բավականին լավ անցկացրեց Եվրո-2012-ի ընտրական փուլը: Չնայած նրան, որ թիմին չհաջողվեց եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերել, բայց ցույց տվեց արդյունքներ, որը զարմացրեց եվրոպական ֆուտբոլի երկրպագուներին: Սկսվել է նոր ընտրական փուլը: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները Հայաստանի հավաքականի նախապատրաստությունից:

 

— Ինչ վերաբերվում է Եվրո-2012-ի ընտրական փուլին, ապա դա արդեն պատմություն է: Եվ դա ամենալավ հիշողությունները չեն: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի խուսափենք նախկին սխալներից:

 

— Արդեն որոշակի ժամանակ է անցել Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումներից: Ինչպե՞ս դուք կգնահատեիք ձեր խաղը այդ հանդիպումներում:

 

— Կարող եմ ասել, որ մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Մեր մարզիչը փորձում էր, նոր թիմ կառուցել՝ թիմում փորձարկելով շատ երիտասարդ խաղացողների: Բայց նրան որոշակի ժամանակ է պետք, որպեսզի բոլոր բաղադրիչները նա ի մի բերի: Մինասյանը փորձում էր կազմի փորձարկումներ անել և մեկնարկային խաղերում մեզ համար հեշտ չէր: Հիմա մենք դասեր կքաղենք անցկացրած հանդիպումներից:

 

— Նախորդ հարցազրույցի ժամանակ, դուք պնդում էիք, որ Հայաստանի հավաքականի այդ հաջողությունները երջանիկ պատահականություն չեն, այլ խաղացողների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք: Աշխարհում շատ կան ֆուտբոլիստներ, ովքեր քրտնաջան աշխատում են: Ինչո՞ւմն է Հայաստանի հավաքականի նման հաջող ելույթների և առաջընթացի գաղտնիքը:

 

— Ֆուտբոլիստները, ովքեր գալիս են հավաքականում խաղալու, աշխատում են լիարժեք տրվել խաղին: Յուրաքանչյուրը ցանկանում է բարելավել իր խաղային որակները և շատ աշխատել: Նրանք ովքեր շատ են աշխատում իրենց խաղում առաջընթաց են գրանցում:

 

— Հայերը սկսեցին ավելի շատ հետաքրքրվել ֆուտբոլով, հատկապես Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից և ցույց տված արդյունքներից հետո՞:

 

— Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը միշտ էլ եղել է, բայց եղել են տարբեր ժամանակաշրջաններ, երբ ոչ ոք չէր հավատում մեր հավաքականին: Հիմա մարդիկ հավատում են մեզ և մեծ հույսեր են կապում:

 

— Հայաստանի հավաքականը ԱԱ-2014 ընտրական փուլում իր առաջին տնային հանդիպումը կանցկացնի հոկտեմբերին Իտալիայի հավաքականի դեմ: Կարո՞ղ եք խնդիրներ ստեղծել նման ուժեղ հավաքականի և խմբի մյուս ուժեղ թիմերի համար:

 

— Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն խնդիրներ ստեղծենք իտալացիների համար, այլ նաև ձգտենք հաղթանակի հասնել այդ խաղում: Ի վերջո, մենք տանն ենք հանդես գալու՝ մեր երկրապգուների առաջ: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք: Մինչև Իտալիայի դեմ հանդիպումը մեզ սպասում է Բուլղարիայի դեմ խաղը, որտեղ մեզ անհրաժեշտ է լավ արդյունքի հասնել:

 

— Ի՞նչ կարող եք ասել իտալացիների հաջող ելույթների մասին Եվրո-2012-ի ընթացքում, որոնք հասան մինչև եզրափակիչ:

 

— Ըստ իս, հենց Եվրոպայի առաջնության մեկնարկից Իտալիայի հավաքականը ցուցադրում էր ամենագրավիչ ֆուտբոլը: Սկսած առաջին հանդիպումից նրանք հոյակապ խաղ էին ցուցադրում, որի հետ ոչ մի թիմ չէր կարող համեմատվել: Իտալացիները արժանի էին եզրափակիչ դուրս գալուն: Եվ չնայած եզրափակչում 0:4 հաշվով պարտությանը, նրանք արժանի մրցակից էին:

 

— Ի՞նչ արդյունքի եք ցանկանում հասնել Իտալիայի հավաքականի դեմ խաղում

 

— Ես գիտեմ, որ դա մեզ համար մեծ մարտահրավեր է: Մենք ակնկալում ենք լավ խաղ ցուցադրել ու խաղում ենք մեր երկրի համար և ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք:

 

— Հայաստանի հավաքականը կարո՞ղ է խմբից դուրս գալ: Ի՞նչ արդյունք ես ակնկալում:

 

— Մենք չենք մտածում, թե ով է մեր մրցակիցը, մենք ցանկանում ենք յուրաքանչյուր խաղում հաղթել:

 

— Իսկ որո՞նք են Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը:

 

— Չնայած, որ մեր թիմը երիտասարդ է, նրանք շատ տրամադրված են խաղում և ամեն ինչ պետք է անեն ինչին ընդունակ են: Մենք կաշխատենք աջակցել միմյանց, և եթե որևէ մեկը ինչ-որ սխալ անի, ոչ ոք նրան չի մեղադրի:

 

— Իսկ ի՞նչ կասես գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին: Ինչպիսի՞ն է նրա ազդեցությունը թիմի վրա:

 

— Նա երիտասարդ ու լավ մասնագետ է: Մենք ուրախ ենք, որ աշխատում ենք նման մարզչի գլխավորությամբ, մեր բախտը բերել է, որ այս տարիների ընթացքում միասին ենք աշխատել:

 

—  Դու նրա գլխավորությամբ մարզվել ես դեռ «Փյունիկում»: Այդ փաստը ձեր հարաբերությունները յուրահատուկ դարձնու՞մ է:

 

— Գլխավորն այն է, որ նա հասկանում է ֆուտբոլիստներին: Մինասյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է մի քանի տարի առաջ: Նա ֆուտբոլիստներին հավասար մեզ խորհուրդներ է տալիս, որպեսզի կարողանանք բարելավել մեր որակները:

 

— Վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ դարձել ես Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ի՞նչ ես կարծում, այս երեք տարվա ընթացքում մեծ առաջընթաց գրանցե՞լ ես:

 

— Չեմ կարող դրա մասին ինչ-որ բան ասել: Ես կցանկանայի շարունակել այդ առաջընթացը: Կուզեի երախտիքի խոսքեր հղել իմ թիմին, առանց որի դա հնարավոր չէր լինի: Ես ամեն օր աշխատում եմ, որ ավելի լավը դառնամ:

 

— Հայաստանի հավաքականն իր կազմում մի քանի փորձառու ֆուտբոլիստներ ունի՝Ռոման Բերեզովսկին ու Սարգիս Հովսեփյանը: Նրանք նույնպես մեծ մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի փորձ ունեն: Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս ապագայում դառնալ հավաքականի առաջատարներից մեկը:

 

— Դա մեծ պատիվ է, որ ես այդ ֆուտբոլիստների հետ միասին եմ խաղում, նրանք հայկական ֆուտբոլի լեգենդներն են: Ես նրանցից շատ բան եմ սովորում: Ես ուղղակի ցանկանում եմ թիմին օգտակար լինել ու այնպիսի ֆուտբոլիստ դառնալ, ում մասին դուք արդեն նշեցիք:

 

— Հոկտեմբերին Սարգիս Հովսեփյանը կնշի հավաքականի կազմում իր 20-ամյակը, կարո՞ղ եք այդ առիթով ինչ որ բան պատմել: Ինչպե՞ս կարող է այդպիսի ֆուտբոլիստի ներկայությունը տրամադրել մյուս ֆուտբոլիստներին:

 

— Նրա ջանասիրությունը մեզ համար լավ օրինակ է: Նա հիանալի ուսուցիչ է:

 

— Իսկ որքանո՞վ է Սարգիս Հովսեփյանը կարևոր հայկական ֆուտբոլի ու սպորտի համար:

 

— Նա հավերժական առաջատար է: Հիանալի օրինակ մյուս երիտասարդների համար, թե նա ինչ է խոսում և անում սպորտում:

 

— Ի՞նչ ես կարծում, Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ աշխատելուց հետո դու ավելի ես կայացել, որպես ֆուտբոլիստ:

 

— Ես ձգտում եմ  ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր աշխատել, որպեսզի բարելավեմ որակներս ու օգնեմ թիմին: Ամեն ինչ անում եմ, որ չկորցնեմ մարզչի վստահությունը, քանի որ նա ինձ համար միշտ մեծագույն մարզիչ է եղել  ու կա: Միրչա Լուչեսկուի շնորհիվ ես Ուկրաինայի առաջնության 8 խաղում դարձել եմ 11 գոլի հեղինակ:

 

— Իսկ ի՞նչ կասես Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին:

 

— Մեր թիմն ընդունակ է դուրս գալ խմբից: Լուչեսկուն մեզ կբացատրի, թե ինչպես պայքարենք մեր մրցակիցների դեմ:

 

— Իսկ Չեմպիոնների լիգայում  նախորդ տարվա ելույթներից ի՞նչ հետևություններ եք արել:

 

— Մենք ամեն ինչ անում ենք, որ լավ խաղանք, և մենք կապացուցենք, որ նախորդ տարվա անհաջողությունը պատահականություն էր:

 

— Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ո՞ր գործոնն է ամենակարևորը:

 

— Լավ խաղն ու լավ արդյունքը: