Լևոն Հայրապետյան. Ամեն ինչ մեր ձեռքում է


Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է 2014 թվականի ԱԱ-ի որակավորման փուլի Մալթայի և Բուլղարիայի հավաքականների դեմ արտագնա հանդիպումներից ունեցած իր ակնկալիքներով:

 

— Լևո´ն, ինչպիսի՞ տրամադրություն ունես Մալթայի դեմ խաղից առաջ:

 

— Շատ լավ տրամադրություն ունեմ, քանի որ մենք շատ լավ թիմ ունենք:

 

— Հավաքականում կա նորեկ` «Միկայի» պաշտպան Ալեքսը…

 

— Անկեղծ ասած ես Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը չեմ կարողանում հետևել, քանի որ հայկական հեռուստալիքներ չունենք: Փորձում եմ համացանցի միջոցով հետևել, սակայն հենց Ալեքսի խաղերը չեմ տեսել: Բայց մի բան կարող եմ ասել, մենք բոլորս էլ նրան շատ լավ կընդունենք:

 

— Մալթայի դեմ խաղում պաշտպանությունու՞մ, թե՞ կիսապաշտպանությունում կխաղաս:

 

— Դա ժամանակը ցույց կտա: Ես կխաղամ այն դիրքում, որը կասի մարզիչը: Կարևորը ես օգուտ տամ թիմին, թե որ դիրքում դա կլինի ինձ համար այդքան էլ կարևոր չի:

 

— Մալթայի հավաքականի մասին ի՞նչ կասես:

 

— Առաջին հերթին չի կարելի Մալթային թերագնահատել, այսօրվա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան: Ինչ վերաբերվում է իրենց կազմին, կամ խաղաոճին, մարզիչները մեզ խաղից առաջ կասեն:

 

— Բելառուսի դեմ խաղը վատ հետևանքներ չի թողնի՞:

 

— Չեմ կարծում, համոզված եմ, որ մենք մեր սխալների վրա շատ բաներ կսովորենք:

 

— Տակտիկապես ո՞վ է ավելի ուժեղ մրցակից, Մալթա՞ն, թե՞ Բուլղարիան:

 

— Կարծում եմ` Բուլղարիան: Բայց էլի եմ կրկնում, չի կարելի Մալթային թերագնահատել:

 

— Հայաստանի հավաքականի հնարավորություններն այս ընտրական փուլում ինչպե՞ս ես գնահատում:

 

— Լավ, մենք գիտենք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք խմբից դուրս գալու հնարավորություն հաստատ ունենք, բայց մինչ այդ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք:

 

— Ի՞նչ կմաղթես հավաքականին և երկրպագուներին:

 

— Երկրպագուներին հաղթանակներ: Իսկ ֆուտբոլիստներին հաղթանակների հետ մեկտեղ առանց վնասվածքների խաղեր:

 

Մալթա-Հայաստան հանդիպմանը քիչ է մնացել (վիդեո)


Սեխտեմբերի 7-ին Մալթայի Տա Քաի ազգային մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Մալթայի ազգային հավաքականին: Այդ հանդիպումով մեր հավաքականը կմեկնարկի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Մեր հավաքականի երկրպագու Գևորգ Ամիրջանյանը պատրաստել է պրոմո տեսանյութ այդ խաղին նվիրված:

Հիշեցնենք, որ Մալթա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով` 22:00-ին: