Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է սեպտեմբերի 3-ից մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որը «բաց» կլինի միայն ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո ժամը 20:00-ից-20:45-ի ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆուտբոլիստների հետ:
Սեպտեմբերի 4-ին և 5-ին ազգային հավաքականը կանցկացնի մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան կմեկնի Մալթա:

Վարդան Մինասյան. Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալու հաղթանակի ձգտումով եւ դա խոսք ենք տալիս


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին` 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ

Սեպտեմբերի 7-ին Մալթա-Հայաստան հանդիպմամբ մեկնարկում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ինչպես է Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվել դեպի Բրազիլիա դժվարին պայքարին:

Իսկապես, պայքարը խմբում դժվարին է լինելու, քանի որ Աշխարհի առաջնությունն այն իրադարձությունն է, այն մեծ ֆուտբոլը, որի եզրափակիչում լինել ձգտելու են բոլորը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական շրջանը մեր ազգային հավաքականը սկսել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից անմիջապես հետո, չնայած որ մեր ծրագրերը եւ մտահղացումները վերջնականապես դետալավորել ենք 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո: Մեր մարզչական շտաբի գլխավոր նպատակն է եղել պահպանել, ավելացնել և կատարելագործել այն որակները, այն խաղամակարդակը, որին մենք հասել էինք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ընթացքում: Այն արդյունքները, որ մենք ցույց ենք տվել Եվրո 2012-ի ընտրական փուլում, այն ֆուտբոլը, որ խաղացել ենք, մեր առաջիկա մրցակիցներին ստիպելու է այսօր մեզ ավելի լուրջ վերաբերվել, քան անցյալում: Բնականաբար, նրանք ուսումնասիրել են մեր ֆուտբոլը, մեր հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը եւ բնականաբար, իրենք նույնպես ձգտելու են առավելության, ինչպես մենք: Նախապատրաստական փուլում մեր մարզչական շտաբը կատարել է նաեւ նոր սելեկցիա: Փորձել ենք ուժեղացնել որոշ խաղային դիրքեր և մրցակցություն ստեղծել տարբեր խաղային օղակներում: Շարունակել ենք հետեւել աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են դիտարկվել որպես ազգային հավաքականի թեկնածուներ:
Ժամանակակից ֆուտբոլն այսօր պահանջում է վերլուծությունների լուրջ մեխանիզմներ ու խիստ պրոֆեսիոնալ մոտեցումներ: Այս ուղղությամբ ևս կատարել ենք մեծ ծավալի աշխատանք: Ձեռք են բերված ժամանակակից ֆուտբոլի կառավարման ծրագրային փաթեթներ, մեր մարզչական շտաբը համալրվել է լուրջ մասնագիտական գիտելիքներ եւ պրոֆեսիոնալ մեծ փորձ ունեցող ֆիզիկական պատրաստության մասնագետով: Չկա որևէ կազմակերպչական, տեխնիկական կամ որեւէ այլ խնդիր, որը մեզ խանգարել կամ անհանգստացրել է եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն ընդառաջել է մեր բոլոր պահանջներին եւ արել է ամեն ինչ, որ թե հավաքականը, թե մարզչական շտաբը կարողանան ունենալ լիարժեք աշխատանքային եւ պրոֆեսիոնալ պայմաններ: Սա վերաբերվում է թե ուսումնամարզական հավաքների անցկացմանը, թե մեզ համար շատ կարեւոր ընկերական խաղերի կազմակերպմանը: Ինչպես գիտեք, մենք անցկացրել ենք հինգ ընկերական հանդիպում: Ինչպես արդեն ասացի, մեզ հարկավոր էր շատ լուրջ մրցակցություն ստեղծել հավաքականում եւ այս առումով ընկերական հանդիպումները շատ կարեւոր էին եւ միաժամանակ ուսուցողական: Ճիշտ է, արդյունքի առումով գուցե այդքան էլ լավ չէր, եթե նկատի ունենանք, որ մենք հինգ խաղում երկու հաղթանակ ենք տարել եւ կրել ենք երեք պարտություն, սակայն ընկերական խաղերի իմաստն ու փիլիսոփայությունն այն է, որ կատարվեն փորձարկումներ, թե մարտավարության տեսակետից, թե դիրքային, որ իրականացվեն մտահղացումներ, որ դիտարկվեն ֆուտբոլիստներ եւ այլն: Բելառուսի հավաքականի հետ խաղից հետո մեր մարզչական շտաբը ստացավ ավելի ամբողջական պատկեր:

Ինչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի ներկա կազմի մասին

Գիտեք մարզչական շտաբը կարող է զանազան մտահղացումներ ունենալ, տարբեր տակտիկական հնարքներ կիրառել, սակայն ես միշտ նշել եմ, որ ֆուտբոլիստը պետք է լինի ֆունկցիոնալ լավ մարզավիճակում եւ վնասվածք չունենա: Սրանք ամենակարևոր պայմաններից են, որոնց վրա հիմնվելով մարզիչը կարողանում է ընտրություն կատարել: Այս առումով մենք դեռեւս խնդիրներ ունենք: Մի կողմից, անշուշտ, ողջունելի է, որ այսօր մենք մոտավորապես 15 լեգիոներ ունենք: Դա բարձրացնում է մեր ֆուտբոլի վարկանիշը, և այսօր հայ ֆուտբոլիստների նկատմամբ միջազգային ուշադրությունը շատ մեծ է: Սակայն սրա մյուս կողմը բացասական է, եւ դա այն է, որ ոչ միշտ են մեր ֆուտբոլիստները հայտնվում իրենց թիմերի հիմնական կազմերում եւ այդ պատճառով նրանց ֆունկցիոնալ մարզավիճակը ինչ որ տեղ չի բավականացնում: Այնուամենայնիվ, մենք կփորձենք գտնել հարցի լուծման օպտիմալ տարբերակը:

Իսկ ինչ կասեք նորեկների մասին:

Նորեկների մասին կարող եմ ասել, որ նրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր արդեն դարձել են հավաքականի լիիրավ անդամներ՝ Արաս Օզբիլիսը և Կամո Հովհաննիսյանը: Մի քանի ֆուտբոլիստներ կան նաեւ երիտասարդական հավաքականում, ովքեր Մոնտենեգրոյի ընտրանու հետ խաղից հետո լինելու են մեր թեկնածուների շարքում: Մենք այսօր ունենք 25-26 թեկնածու, դեռ սպասում ենք Մամեդովի փաստաթղթային հարցերի լուծմանը: Հիմնականում հավաքականի կորիզը ձևավորված է, բայց փոփոխությունները չեն բացառվում, որովհետև երկու տարին երկար ժամանակ է: Մանավանդ, որ մեր փնտրտուքները շարունակվում են եւ լինելու են միշտ:

Ինչ կասեք Ալեքս Էնրիկե դա Սիլվայի Հայաստանի ազգային հավաքական հրավերի մասին:

Ես հետեւել եմ Ալեքսի խաղերին եւ կարող եմ ասել, որ նա լավ խաղ է ցուցադրում Հայաստանի ազգային առաջնության հանդիպումներում: Մենք հրավիրել ենք չորս կենտրոնական պաշտպան: Գիտեք որ վերջերս Ռոբերտ Արզումանյանն է պայմանագիր կնքել «ԲՄԱ-Էներգիա» թիմի հետ: Չորս կենտրոնական պաշտպան ենք ունենալու այս երկու խաղերի համար, որոնցից կընտրենք երկուսին:

Եվ այնուամենայնիվ, ինչպիսի եք գնահատում Հայաստանի ազգային հավաքականի հնարավորություններն այս ընտրական փուլում:

Ես բազմիցս ասել եմ, որ այս խումբը շատ ավելի բարդ է, քան նախորդ եվրոպականը՝ եթե համեմատենք մեր մրցակիցներին: Եվ այդ առումով կրկնակի, եռակի անգամ բարդ է լինելու այս անգամ: Դուք գիտեք, որ Հայաստանի մարզիչների պատվիրակությունը, այդ թվում և ես, եւ մեր մարզչական շտաբի անդամները, հնարավորություն ենք ունեցել ներկա լինել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերին և ուսումնասիրել ենք մեր մրցակիցներին՝ հատկապես Չեխիային, Դանիային և Իտալիային: Մենք, անշուշտ, գործ ունենք Եվրոպական ֆուտբոլի լրջագույն ներկայացուցիչների հետ` բարձրակարգ եւ տակտիկապես հագեցած, Եվրոպայի եւ աշխարհի եզրափակիչների մեծ փորձով թիմեր են: Չպետք է մոռանալ նաև Բուլղարիային և Մալթային. մենք պարտավոր ենք հարգել բոլոր մրցակիցներին:

Մեկնարկը մենք սկսում ենք Մալթայի և Բուլղարիայի հավաքականների հետ հանդիպումներով: Դա Ձեզ ինչ որ բան ասում է:

Մալթայի և Բուլղարիայի հավաքականների մասնակցությամբ շատ խաղեր ենք դիտել և լավ ուսումնասիրել ենք մեր հակառակորդների խաղաոճը: Բուլղարիան ունի նոր մարզիչ, սերնդափոխություն է կատարվել թիմում և նոր ֆուտբոլիստները ավելի մեծ մոտիվացիայով կխաղան, ինչը շատ կարևոր գործոն է: Մալթայի վերջին չորս-հինգ հանդիպումները դիտել եմ: Նրանք էլ բավականին մոտիվացված են և կարող են ցանկացած հավաքականի անակնկալներ մատուցել քանի որ պինդ թիմ է:
Բացի դրանից Բուլղարիա-Իտալիա ընտրական խաղին ներկա է լինելու մեր մարզիչներից մեկը, քանի որ Մալթայից հետո խաղում ենք Բուլղարիայի, ապա մեկ ամիս անց Իտալիայի հետ: Կրկին նշեմ որ Իտալիայի հավաքականի խաղերը շատ եմ դիտել, իրենց մարզիչն էլ չի փոխվել ուստի իրենց խաղային փիլիսոփայության մեջ փոփոխություն չի լինի:

Ինչ կասեք մեր ազգային հավաքականի երկրպագուներին մեկնարկից առաջ:

Ֆուտբոլում լինում են պարտություններ, ոչ-ոքի-ներ, հաղթանակներ: Անհաջողություններից ոչ ոք ապահովագրված չէ, բայց մենք խոստանում ենք որ անելու ենք առավելագույնը, խաղալու ենք մեծ նվիրումով, և երկրպագուն կհամոզվի դրանում: Մենք ամեն խաղի դուրս ենք գալու հաղթանակի ձգտումով:

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այն կմեկնարկի Մալթայում`Մալթա-Հայաստան հանդիպմամբ եւ կշարունակվի սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում`Բուլղարիա-Հայաստան հանդի

պմամբ:Սեպտեմբերի 3-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է հերթական նախապատրաստական ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հրապարակում է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը:

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Ալեքս Էնրիկե դա Սիլվա, «Միկա»

Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան, ԲԱՏԵ, Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


Ռուսական Կրասնոդարի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, մասնակցելու Սեպտեմբերի 7-ին Մալթայի և Սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդպումներին: Այս մասին տեղեկացնում է Կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մալթա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 2200-ին, իսկ Բուլղարիա-Հայաստան հանդիպումը` 23:00-ին:

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձել է 12 մլն. եվրո


Հանրահայտ transfermarkt.de-ն հրապարակել է ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքներ:

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցքի Շախտյորի 23 ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվել է արդեն 12 մլն եվրո:

Հիշեցնենք, որ դեռ շաբաթներ առաջ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում էր 9 մլն եվրո: Ըստ մասնագետների Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շատ արագ աճում է ու դեռ կաճի:

Հայաստանից Բուլղարիա կմեկնեն 50 երկրպագուներ


Սեպտեմբերի 11-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությոան խմբային փուլի շրջանականերում Սոֆիայում կայանալու է Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Արդեն տեղեկացրել էինք, որ այս կապակցությամբ ՖԱՖ-ը կազմակերպում է ուղևորություն երկրպագուների համար բարձրակարգ 50 տեղանոց ավտոբուսով:

ՖԱՖ-ից armsport.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի հավաքականին աջակցել ցանկացողների թիվը հասել է 100-ի, սակայն հնարավոր է եղել ապահովվել միայն մեկ ավտոբուս:

50 երկրպագուներ հաստատել են իրենց ներկայությունը Սոֆիայում կայանալիք հանդիպմանը ու արդեն ստացել են Բուլղարիայի մուքտի վիզա:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ելույթները 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում սկսում է սեպտեմբերի 7-ին’ հյուրընկալվելով Մալթայի հավաքականին:

football365.am: Հայաստանի ազգային հավաքականի խաղերը կցուցադրի «Արմենիա» հեռուստաընկերությունը


Ըստ Ֆուտբոլ 365-ի տեղեկությունների՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը այսուհետեւ ցուցադրելու է ոչ թե Հանրային, այլ «Արմենիա»  հեռուստաընկերությունը: Առաջին հեռարձակումը կլինի հենց Մունդիալ-2014-ում  մեր մեկնարկային խաղը Մալթայի ընտրանու հետ:

Հայ ֆուտբոլիստների այս շաբաթվա գոլերը (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում Առաքել Առաքելյանի պատրաստած տեսանյութը, որում ներկայացվում է մեր հավաքականի առաջատարներ Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Մարկոս Պիզզելիի այս շաբաթվա ընթացքում խփաց գոլերը:

Տեսանյութում ներկայացվում է նաև Փյունիկի նախկին ֆուտբոլիստ, այժմ ՈՒրուգվայի առաջնությունում հանդես եկողՄաուրո Գևգեոզյանի խփաց գոլը:

Յուրա Մովսիսյան. Ասեկոսեներով զբաղվել՝ նշանակում է չհարգել ակումբի ղեկավարությունն ու երկրպագուների


«Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ Спорт-Экспресс-ի հետ զրույցում անդրադարձել է անընդհատ հնչող ասեկոսեներին այն մասին, որ նա կարող է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ:

— Հաջորդ տուրում «Կրասնոդարի» մրցակիցը ԲԿՄԱ-ն է լինելու: Հենց այդ ակումբի հետ առավել հաճախ կապում Ձեր ապագան: Բանակայիններն իրո՞ք Ձեզ հրավիրել են իրենց թիմ:

— Դա այն տեղեկությունը չէ, որ ես պատրաստ եմ հրապարակել: Մեր ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու շնորհիվ եղել եմ ու շարունակում եմ մնալ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ: Ասեկոսեներով զբաղվել՝ նշանակում է չհարգել ակումբի ղեկավարությունն ու երկրպագուների: Իսկ ես մտադրություն չունեմ այդպես վարվել:

— Գիտեմ, որ ռմբարկուների մասին խոսակցությունները չեք սիրում: Իսկ ինչպե՞ս եք վերաբերում հեռակա մրցակցություններին: Օրինակ, Ձեր խաղընկերը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխ Մխիթարյանը, հիմա Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է: Ցանկություն չի՞ առաջանում նրա հետ մրցակցել:

— Մենք հաճախ ենք խոսում Հենրիխի հետ, բայց ոչ գոլերի մասին: Ես հպարտանում եմ նրանով: Հիմա «Շախտյորում» նա ավելի շատ գոլ է հեղինակում, քան ցանկացած այլ հարձակվող Եվրոպայում: Դա լավ է Մխիթարյանի, իմ, երկրի ու ազգային հավաքականի համար:

— Իր, երկրի ու հավաքականի համար՝ հասկանալի է: Իսկ ինչու՞ է դա լավ Ձեզ համար:

— Ես ուղղակի շատ ուրախ եմ ընկերոջս համար: Նա դեռ երիտասարդ է, շարունակում է առաջընթացը ու ունի բոլոր նախադրյալները՝ դառնալ շատ ուժեղ հարձակվող: Համենայն դեպս, ես ի սրտե ցանկանում եմ, որ այդպես լինի:

Life Sports: Կրասնոդարը Մովսիսյանի համար 14 մլն. եվրո է ուզում


Ինչպես հայտնում է Life Sports-ը՝ «Կրասնոդարի» 25-ամյա առաջատարՅուրա Մովսիսյանըկարող է լքել Սլավոլյուբ Մուսլինի ակումբը ոչ պակաս, քան 14 մլն. եվրոյով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Մովսիսյանի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական և եվրոպական մի շարք ակումբներ, մասնավորապես՝ մոսկովյան ԲԿՄԱ-ն և «Դինամոն»: Սակայն «ցուլերը» պատրաստ չեն հրաժարվել իրենց առաջատարից.

 

— Մովսիսյանը անխոս Ռուսաստանի առաջնության լավագույն հարձակվողներից է: Ակումբի շատ երկրպագուներ մարզադաշտ են գալիս հենց Յուրայի խաղը տեսնելու համար: Ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում այս ֆուտբոլիստին, և չնայած նրա հանդեպ մեծ հետաքրքրությանը, պատրաստ չէ բաց թողնել Յուրային,- նշել է Life Sports-ը:

Կրասնոդարյան ակումբում էլ հայտարարել են, որ առայժմ Մովսիսյանին ձեռք բերելու պաշտոնական ոչ մի առաջարկ չի ստացվել.

 

— Յուրան արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, և հասկանալի է Պրեմիեր Լիգայի առաջատար թիմերի հետաքրքրությունը նրա հանդեպ: Սակայն ակումբը նրան գնելու պաշտոնական առաջարկներ դեռևս չի ստացել,- հայտարարել է «Կրասնոդարի» մամուլի քարտուղար Դենիս Դանիլչենկոն:

 
Հիշեցնենք, որ Մովսիսյանը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին, 6 խաղում նույնքան գոլի հեղինակ է դարձել: