Այսուհետև Հենրիխ Մխիթարյանը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագը


Այսուհետև Հենրիխ Մխիթարյանը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագը, այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության “Առաջին լրատվական”-ը:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ.  հունվարի 21-ին Երևանում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 33 հանդպում` խփել է 8 գոլ:

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԴԺՈԽԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՕՐ ՊԱՀԱՆՋՎԵՑ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանն իր հարազատ «Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքի միջոցով դիմել էր իր երկրպագուներին, գործընկերներին եւ հայտարարել «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին: Սարգիս Հովսեփյանը «Մեծ» ֆուտբոլում է արդեն 24 տարի, Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ամենաշատ հանդիպումները` 131 խաղ եւ խփել է 2 գոլ:

Դժվա՞ր է տրվել որոշումը:

Շատ դժվար, բայց ինձ թվում է, որ ճիշտ որոշում է: Յուրաքանչյուր գործից պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, որ լավ հիշողություններ մնան, իսկ ֆուտբոլից պետք է հեռանալ նաեւ լավ մարզավիճակում:

Երկա՞ր եք մտածել որոշումը կայացնելուց առաջ:

Երկու օր: Դժոխային երկու օր պահանջվեց այդ որոշումը կայացնելու համար: Այժմ ավելի հեշտ է, քան որոշման կայացման պահին: Տատանվում էի. ճիշտ եմ անում, թե`ոչ: Բայց կարծում եմ, որ ճիշտ վարվեցի հենց այս պահին այդ որոշումը կայացնելու համար:

Տարիներ առաջ, երբ վերադարձար Ռուսաստանից, կարծու՞մ էիր, որ այսպիսի կարիերա կանես Հայաստանում:

Իհարկե ոչ: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես կդասավորվի կյանքը: Դա անհնար է: Շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց: Երկար տարիներ աշխատեցի, կարծում եմ հաջող աշխատեցի:

Ինչպե՞ս Սարգիս Հովսեփյանը դարձավ նոր ժամանակների լեգենդար պաշտպանը:

Ես չեմ կարծում, որ ես լեգենդար ֆուտբոլիստ եմ: Ես ուղղակի արել եմ իմ գործը: Փորձել եմ անել հնարավորինս լավ թե մարզումների ժամանակ, թե խաղադաշտում: Աշխատել եմ ամեն ինչ անել ամենաբարձր մակարդակով: Իրականում երկրպագուն է որոշում`դու լավ ես խաղում, թե` վատ: Երբևէ չեմ մտածել լեգենդար լինելու մասին, քանի որ 24 տարին մեկ անթարթի պես է անցել:

Չես ափսոսել, որ տարիներ առաջ տեղափոխվել ես Հայաստան:
Ոչ մի վայրկյան չեմ ափսոսել: Իհարկե Ռուսաստանում շատ ավելի լավ էր այն ժամանակ, ավելի մեծ ֆուտբոլ էր, բայց չէի կարողանում հարմարվել, որովհետև ես հայ եմ ու միշտ ձգտում էի վերդառնալ: Երբ գալիս էի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու, ինձ համար շատ դժվար էր լինում վերադառնալ, ուզում էի ավելի շատ մնալ հայրենիքում:

Երբեւէ մտածե՞լ էիր, որ կդառնաս Հայաստանի ազգային հավաքականի ամենաերկարակյաց ֆուտբոլիստը:

Ոչ, չէի մտածել: Ես մտածում էի միայն իմ խաղի մասին, Հայաստանին, մեր ազգային հավաքականին օգուտ տալու մասին: Երբեք չեմ մտածել, որ այսքան երկար կխաղամ: Ես միշտ մտածել եմ միայն տվյալ խաղի մասին:

Դու, փաստորեն, խաղացել ես Հայաստանի մի քանի սերունդների հավաքականներում, տարբեր սերունդների ֆուտբոլիստների հետ: Ո՞ր հավաքականն ինչով է առանձնացել քեզ համար:

Յուրաքանչյուր հավաքական է առանձնանում: Տարբեր ֆուտբոլիստներ են խաղացել, տարբեր մտածելակերպով, բայց ներկայիս հավաքականն, իրոք շատ է տարբերվում մյուսներից, որովհետև ավելի նպատակասլաց է հաջողության հասնելու գործում: Մյուս հավաքականներում էլ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կային, բայց այն ժամանակ չստացվեց միասնականանալ և արդյունք ցույց տալ: Այսօր հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներ են, որոնց մեծ նպատակն է հասնել լուրջ արդյունքների: Շատ լավ թիմ է ստեղծվել, բոլորը մեկ գործ են անում, ամեն մեկը գիտի, թե ինչ պետք է անի, եւ լավ են անում իրենց գործը:

Ո՞ր խաղն է ամենահիշարժանը եղել:

Երևի այս վերջին Եվրոպայի ընտրական փուլի մրցաշարի հանդիպումները: Չեմ կարող մոռանալ, որովհետև այդպիսի թե գեղեցիկ ֆուտբոլ, թե այդպիսի արդյունք ոչ մի հավաքական ցույց չի տվել: Երկրպագուն բացի արդյունքից, նաեւ գեղեցիկ խաղ է նախընտրում դիտել, չնայած ես, որպես պրոֆեսիոնալ կարող եմ ասել, որ ամենակարևորն, այնուամենյանիվ, երեք միավորն է:

Իս՞կ վատ հիշողություններ

Չեն կարող վատ հիշողություններ լինել: Եղել են հաղթանակներ, եղել են պարտություններ: Դրանով է ֆուտբոլը հմայիչ: Պարտություններն էլ են օգուտ տալիս: Մտածում ես բացթողումներիդ մասին, մտածում ես ինչպես շտկել, որ մյուս խաղն ավելի լավ խաղաս:

Դու նաեւ գոլերի հեղինակ ես: Որեւէ՞ մեկը կառանձնացնես:

Այդքան շատ գոլ չեմ խփել, բայց ինձ համար ամենահիշարժանը Բելգիայի հավաքականին խփած գնդակս է: Կարծում եմ գեղեցիկ գոլ ստացվեց, արժանի է, որ հիշողությանս մեջ մնա:

Որպես ազգային հավաքականի ավագ ի՞նչ կասես երիտասարդ ֆուտբոլիստներին:

Ինչ կարողացել եմ, ես խաղերիս ընթացքում փոխանցել եմ երիտասարդներին: Այժմ այնպիսի հավաքական ունենք, որ տղաներն ամեն ինչին շուտ սովորում են ու ասելու կարիք չկա: Թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս ամեն ինչ ընկալում են: Զուտ որպես խորհուրդ` թող փորձեն զերծ մնալ վնասվածքներից: Ես իրենց միայն հաջողություն եմ ցանկանում: Ես ուզում եմ նաեւ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ում հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության եւ գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին` ի դեմս Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել իմ հարազատ ակումբում եւ իմ ազգային հավաքականում:

Ինչո՞վ է զբաղվելու Սարգիս Հովսեփյանը

Ճիշտն ասած դեռ չեմ որոշել: Կհանդստանամ մի քիչ: Հուսով եմ, որ ֆուտբոլում կլինեմ:

Տղայիդ տեսնու՞մ ես քո դերում

Չեմ կարող ասել: Դեռ 12 տարեկան է: Ցանկանում եմ տեսնել, իհարկե: Պրոֆեսիոնալ տեսակետից գուցե չեմ կարող ասել` կկարողանա ֆուտբոլ խաղալ, թե ոչ, բայց ցանկությունս մեծ է: Մարզիչները, ովքեր հետևել են տղայիս, ասում են, որ կարող է առաջադիմել: Տեսնենք, թե ինչպես կլինի: Ես երկու ձեռքով կողմ եմ, որ նա ֆուտբոլ խաղա և ինչու ոչ` կարողանա ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականում: Հետաքրքիր կլինի գնամ մարզադաշտ եւ տեսնեմ, թե ինչպես է խաղում որդիս:

Դու հավաքականում աշխատել ես տարբեր մարզիչների հետ: Ո՞վ է ավելի մեծ ազդեցություն թողել քեզ վրա:

Բոլորն էլ շատ մեծ ազդեցություն ունեցել են, բոլորից էլ աշխատել եմ լավ ունակությունները վերցնել: Այն ժամանակ մարզիչները մի տեսակ ուրիշ էին, այժմ կառավարումն ավելի պրոֆեսիոնալ է: Նախկինում մարզիչները իրենց կարող էին թույլ տալ բարձր տոներով խոսել ֆուտբոլիստի հետ եւ այլն: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Վարդան Մինասյանն անչափ զուսպ անձնավորություն է: Նա խոսել գիտի ֆուտբոլիստի հետ: Նա էլ է նշում բոլոր թերությունները, բայց այնպես է դա անում, որ ֆուտբոլիստը հասկանա: Այսօր պրոֆեսիոնալ մոտեցում կա, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր: Վարդան Մինասյանի աշխատանքով, անշուշտ, տպավորված եմ, քանի որ մենք նրա ղեկավարությամբ ենք հաջողությունների հասել: Նա է մեզ հաղթելու էմոցիաներ տալիս:

Շախտյորը Մխիթարյանի դուբլի շնորհիվ տարավ իր առաջին հաղթաբակը Չեմպիոնների Լիգայում (վիդեո)


Հենրիխ Մխիթարյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Ուկրաինայի առաջնությունում կայացած 9 տուրերում 12 գոլ խփած հայ ֆուտբոլիստը նույն ոճով շարունակեց Չեմպիոնների լիգայում, որի 2012/13թթ. խաղարկության առաջին մրցավեճում «Շախտյորը» հյուրընկալելիս 2:0 հաշվով հաղթեց դանիական «Նորդսյելանդին»:

Խաղասկիզբն անցավ հավասար պայքարում, թեև սպասվում էր, որ «Շախտյորը» կփորձի հենց մեկնարկից ճնշում գործադրել դանիացիների վրա: «Հանքափորները» փորձեցին, սակայն չստացվեց:

Ուկրաինայի չեմպիոնը դարպասը գրավելու առաջին իրական պահն ունեցավ 38-րդ րոպեին, երբ Մխիթարյանը մոտ 10 մետրից հարվածեց, սակայն դարպասապահն ոտքերով փրկեց իր թիմին:

Ընդմիջումից 2 րոպե առաջ Մխիթարյանը դարպասը գրավելու 2-րդ պահն ունեցավ ու այս անգամ չվրիպեց. Ադրիանոն աջ եզրից կատարած փոխանցումից հետո Հենրիխն ընթացքից կատարված հարվածով բացեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում ևս տանտերերն ունեին առավելություն: 51-րդ րոպեին Սռնայի հարվածից հետո դարպասապահն ետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Հյուբշմանի հարվածը դարձյալ դիպուկ չէր: Քիչ անց Մխիթարյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն կրկին իր բարձրության վրա էր դարպասապահ Հանսենը, ով լավագույնն էր «Նորդսյելանդի» կազմում:

Այնուամենայնիվ, Մխիթարյանին հաջողվեց խփել 2-րդ գնդակը. 76-րդ րոպեին «Շախտյորը» հակագրոհ ձեռնարկեց, որի ընթացքում Հենրիխը փոխանցում կատարեց Դևիչին, որին պաշտպանները խանգարեցին, բայց գնդակը հայտնվեց հայ ֆուտբոլիստի մոտ, ով կարողացավ արագ կողմնորոշվել ու գրավել Դանիայի չեմպիոնի դարպասը:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով Չեմպիոնների լիգայում կարողացավ գոլի հեղինակ դառնալ, իսկ «Շախտյորը» կարևոր հաղթանակ տոնեց E խմբում, որտեղ ընդգրկված են նաև Լոնդոնի «Չելսին» ու Թուրինի «Յուվենտուսը»: 

Սարգիս Հովսեփյանն ավարտեց կարիերան


«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել թողնել մեծ ֆուտբոլը: Այս կապակցությամբ լեգենդար ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ
-Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում» և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:

Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության և գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին ի դեմս ՝ Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որի հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին: Շնորհակալ եմ հավաքականում հանդես եկած իմ բոլոր խաղընկերներին՝ որոնց հետ միասին երկար տարիներ պաշտպանել եմ մեր երկրի պատիվը: Շնորհակալություն ֆուտբոլասերներին, որնոք աջակցել են մեզ:

Կցանկանայի նաև հիշել և երախտագիտության խոսքեր ասել ռուսական «Զենիթ» և «Տորպեդո» ակումբների հասցեին, որտեղ անց եմ կացրել իմ կարիերայի մի քանի անմոռանալի տարիներ:

Ես երջանիկ եմ, որ այսքան երկար տարիներ եղել եմ ֆուտբոլում: Մեծ հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին, մեր հայկական ֆուտբոլին և իմ հարազատ «Փյունիկին»:

«Փյունիկ» ակումբի պաշտոնական կայք