Յուրա Մովսիսյան. Ասեկոսեներով զբաղվել՝ նշանակում է չհարգել ակումբի ղեկավարությունն ու երկրպագուների


«Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ Спорт-Экспресс-ի հետ զրույցում անդրադարձել է անընդհատ հնչող ասեկոսեներին այն մասին, որ նա կարող է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ:

— Հաջորդ տուրում «Կրասնոդարի» մրցակիցը ԲԿՄԱ-ն է լինելու: Հենց այդ ակումբի հետ առավել հաճախ կապում Ձեր ապագան: Բանակայիններն իրո՞ք Ձեզ հրավիրել են իրենց թիմ:

— Դա այն տեղեկությունը չէ, որ ես պատրաստ եմ հրապարակել: Մեր ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու շնորհիվ եղել եմ ու շարունակում եմ մնալ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ: Ասեկոսեներով զբաղվել՝ նշանակում է չհարգել ակումբի ղեկավարությունն ու երկրպագուների: Իսկ ես մտադրություն չունեմ այդպես վարվել:

— Գիտեմ, որ ռմբարկուների մասին խոսակցությունները չեք սիրում: Իսկ ինչպե՞ս եք վերաբերում հեռակա մրցակցություններին: Օրինակ, Ձեր խաղընկերը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխ Մխիթարյանը, հիմա Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է: Ցանկություն չի՞ առաջանում նրա հետ մրցակցել:

— Մենք հաճախ ենք խոսում Հենրիխի հետ, բայց ոչ գոլերի մասին: Ես հպարտանում եմ նրանով: Հիմա «Շախտյորում» նա ավելի շատ գոլ է հեղինակում, քան ցանկացած այլ հարձակվող Եվրոպայում: Դա լավ է Մխիթարյանի, իմ, երկրի ու ազգային հավաքականի համար:

— Իր, երկրի ու հավաքականի համար՝ հասկանալի է: Իսկ ինչու՞ է դա լավ Ձեզ համար:

— Ես ուղղակի շատ ուրախ եմ ընկերոջս համար: Նա դեռ երիտասարդ է, շարունակում է առաջընթացը ու ունի բոլոր նախադրյալները՝ դառնալ շատ ուժեղ հարձակվող: Համենայն դեպս, ես ի սրտե ցանկանում եմ, որ այդպես լինի: