Յուրա Մովսիսյան. Եթե Մալթայի հետ խաղում չհաղթենք՝ էլ ինչ իմաստ ունի խոսել Բուլղարիայի եւ Իտալիայի մասին


«Այս պահին ամենից կարեւորը Մալթայի հետ հանդիպումն է, եթե այդ խաղում չհաղթենք՝ էլ ինչ իմաստ ունի խոսել Բուլղարիայի եւ Իտալիայի մասին»։ Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո այդ մասին հայտարարեց թիմի հարձկավող Յուրա Մովսիսյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Բելարուսից կրած պարտության մասին կարող եմ ասել, որ մենք պարզապես չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները, իսկ նրանք կարողացան: Այսօր ամբողջ ուշադրությունը Մալթայի հետ հանդիպման վրա է: Առաջիկա խաղերը դժվար են լինելու, քանի որ դրսում ենք խաղալու, բայց նրանք նույնպես զգուշանալու են, քանի որ գիտեն, որ մենք արագ հարձակվողներ ունենք: Այս պահին ամենից կարեւորը Մալթայի հետ հանդիպումն է, եթե այդ խաղում չհաղթենք՝ էլ ինչ իմաստ ունի խոսել Բուլղարիայի եւ Իտալիայի մասին: Այս տարի մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ հաջող սկսեցին մրցաշրջանը։ Ես հարմարվեցի նոր թիմին: Իմ տրանսֆերի մասին պտտվող նորություններից տեղյակ չեմ: Եթե լինեն լավ առաջարկներ՝ ապագայում թիմը կմտածի դրա շուրջ: ԲԿՄԱ-ի մասին կարող եմ ասել, որ դա լավ թիմ է, բայց այսօր ես խաղում եմ «Կրասնոդարում», իմ անելիքն այնտեղ է: Շատ ուրախ եմ, որ Հայաստանից բազմաթիվ եկրպագուներ են ուղեւորվելու Բուլղարիա: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում ենք ձեզ արտագնա հանդիպումներին»,- նշեց Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է 2014թ. աշխարհի առաջնության խմբային մրցաշարի մեկնարկային երկու արտագնա հանդիպումներին։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանի մրցակիցը կլինի Մալթան, սեպտեմբերի 11-ին՝ Բուլղարիան։