Արթուր Սարկիսով.Ես մտածում էի միայն հաղթանակի մասին


2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն, իսկ հաղթական գնդակը 70-րդ րոպեին խփեց Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» հանդես եկող Արթուր Սարկիսովը: Մալթայում Սարկիսովը պատասխանել է armsport.am-ի հարցերին:

— Արթուր, 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման’ զգալիորեն ակտիվացրիր խաղը, գոլ խփեցիր… Ի՞նչ առաջադրանք էիր ստացել: 

— Հիմնական խնդիրը նախաձեռնությունը իմ վրա վերցնելն էր, պաշտպանների վրա ճնշում գործադրելը: Փորձեցի հնարավորինս օգտագար լինել:

— Գոլային դրվագի մասին ի՞նչ կասես:

— Այստեղ կարևորը ճիշտ փոխանցումն էր, որը եղավ: Փոխանցումը բավական ուժեղ էր ու ինձ մնում էր միայն ոտքս դնել: Յուրայի եզրային ճեղքման ժամանակ ես պարտավոր էի տեղափոխվել կենտրոն ու այդպես էլ արեցի:

— Ամեն դեպքում դու հսկողությունից դուրս չէիր մնացել… 

— Այո, սակայն պաշտպանը չհասցրեց խանգարել:

— Այս գոլն ի՞նչ տեղ է գրավում քո կարիերայում: 

— Ինձ համար բոլոր գոլերն էլ կարևոր են:  Հարձակվողի համար շատ կարևոր է արդյունքի հասնելը:

— Սպասո՞ւմ էիր, որ Մալթայի հետ այսպեսի ծանր ու նյարդային խաղ կստացվի: 

— Փոխարինման դուրս գալուց հետո ինձ մոտ լարվածություն չկար, ինչը թույլ տվեց լավ մտնել խաղի մեջ: Ես մտածում էի միայն հաղթանակի մասին, քանի որ Մալթայի հետ խաղում 2 միավոր կորցնելը չէր կարելի: Լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Նախկինում Մալթայի խաղը չէի տեսել: Շատերին թվում է, թե Մալթայի նման փոքր երկրի հավաքականը պետք է թույլ լինի, բայց ես տեսա կազմակերպված հավաքական, որի դեմ դժվար է խաղալը: Նրանք զարմացրին:

— Մալթայում բավական խոնավ է ու մտավախություն կար, որ այն կարող է ազդել հավաքականի խաղի վրա… 

— Խոնավ մեղմ է ասված… Այստեղ 90 րոպե խաղալը հերոսություն է ու պետք է արժանին մատուցել տղաներին: Ես 25 րոպե խաղացի, բայց ահավոր հոգնել էի, քանի որ բարդ է շնչելն այս խեղդոցին: Հասկանալի է, որ նման խոնավ պայմաններում հազվադեպ ենք լինում ու ամենևին էլ սովոր չէինք, իսկ դա չէր կարող չազդել:

— Առջևում անհամեմատ լուրջ մրցակցի’ Բուլղարիա հետ արտագնա հանդիպում է սպասվում…
 

— Բուլղարիայի ելույթներին նախկինում չեմ հետևել: Տեղյակ եմ միայն, որ լավ են պատրաստված, ինչի ապացույցը երեկ Իտալիայի հետ խաղացած ոչ-ոքին է: Մենք պատրասվում ենք սովորականի նման ու կրկին կպայքարենք հաղթանակի համար: