Վարդան Մինասյան. Մենք պատրաստ չէինք սադրանքներին


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին

-Պարոն Մինասյան, հասցրե՞լ եք հանգստանալ:

-Անկեղծ ասած Երևան ժամանելուս օրը տնից դուրս չեմ եկել, բջջային հեռախոսս էլ չեմ միացրել: Ինքնազգացողությունս մի քիչ լավ չէր, ավելի ճիշտ տրամադրությունս էր վատ: Այսօր համեմատաբար լավ եմ:

-Հասկանալի է, իհարկե, բայց արդյոք Դուք էլ էք կարծում, որ բոլոր խաղերում անխտիր պետք է հաղթենք:

-Ոչ, իհարկե, բայց մենք ձգտում ենք դրան: Խնդիրը հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: Մենք միշտ պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ցանկությամբ, բայց նույնիսկ աշխարհի ամենաուժեղ հավաքականները միշտ չեն հաղթում: Դա երկրպագուի ցանկությունն է: Ինձ համար այս խաղում ամենաբացասականը մեր ֆուտբոլիստների պահվածքն էր: Ես առաջին անգամ էի նրանց այդպես տեսնում և զարմացած էի: Իհարկե, իմ բացատրություններն ու իմ եզրակացություններն ունեմ, բայց միայն ֆուտբոլիստների հետ հանգամանալից զրուցելուց հետո կփորձեմ խնդրին մոտենալ:

-Լավ, իսկ սովորաբար ինչպե՞ս եք հանգստանում:

-Սովորաբար ընտանիքիս հետ, երեխաներիս հետ: Իրենց հետ կտրվում եմ աշխատանքից, իրականությունից, զգում եմ, որ կյանքում բացի ֆուտբոլից ուրիշ բաներ էլ կան ու, գուցե, շատ ավելի կարևոր (ժպտում է):

-Անդրադառնա՞նք հանդիպմանը:

— Բուլղարացիները շատ լավ ուսումնասիրել էին մեր հավաքականի խաղը: Նրանք գիտեին մեր թե ուժեղ, թե թույլ կողմերը: Գիտեին, որ մեր թիմն արագ ֆուտբոլ է խաղում, նամանավանդ հակագրոհների ժամանակ, եւ ուզում էին ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել թե ֆուտբոլային և, թե ոչ ֆուտբոլային միջոցներով: Դա նրանց ընտրած խաղաոճն էր, իրենց մարզչի կողմից ընտրված խաղի ձևն էր: Եղան նաև որոշակի սադրանքներ, բայց ես այն կարծիքին եմ, որ մեզ վրա չպետք է ազդեր այդ ամենը: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց կարծում եմ, որ սադրանքներին հատկապես չպետք է ենթարկվեինք: Բոլորը պետք է հասկանան, որ ֆուտբոլը խաղ է, ոչ թե կռիվ: Այսպիսի արտահայտություն կա` պետք է կռիվ տաս… Ես այդ բառերը չեմ ընդունում: Պետք է ֆուտբոլ խաղալ, սա կռվի դաշտ չէ: Մենք պետք է գիտակցենք, որ մեզ արդեն ուրիշ կերպ են ընդունում, ամեն ինչ անում են մեզ հաղթելու համար, բայց եթե ուզում ենք ինչ- որ արդյունքի հասնել, պետք է անտեսենք այդ ամենը և կենտրոնանանք խաղի վրա: Այս առումով մեր թիմը դեռ պետք է փորձ կուտակի:
Պարզ դարձավ, որ մենք պատրաստ չէինք սադրանքներին: Իսկ եթե բուն խաղից խոսենք, ապա մեր մարտավարությունը հիմնված էր արագ հակագրոհների վրա: Հանդիպման առաջին 20-25 րոպեներին մեր դարպասի վրա ճնշումը շատ մեծ էր, և չէր ստացվում հակագրոհել: Այնուհետև խաղն անցավ մեզ ձեռնտու հունի մեջ, որովհետև, եթե չեմ սխալվում, դաշտի տերերը մեր դարպասին, բացի գոլից, մեկ հարված են կատարել: Նրանց գրոհները հասնում էին մինչև մեր տուգանային հրապարակ: Բայց խաղի վրա ազդեցին որոշ դրվագներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել: Նախ վնասվածք ստացավ Լևոն Հայրապետյանը,ով մինչ այդ լավ էր կատարում իր արտականությունները: Հետո հակագրոհի արդյունքում գոլ բաց թողեցինք, և արդեն պետք է փոխեինք խաղի պլանը: Երկրորդ խաղակեսում խաղն ամբողջովին կարգավորվել էր` մանավանդ Մարկոսի դաշտ դուրս գալուց հետո, ունեցանք գոլային պահեր: Բայց եղան երկու կարմիր քարտերը, որոնք փոխեցին խաղի ողջ ընթացքը: Հատկապես շատ է խոսվում մեր պաշտպանության մասին` մանավանդ կենտրոնական գոտում, բայց ես կարող եմ ասել, որ այս խաղում երկու կենտրոնական պաշտպաններն էլ լավագույնս էին խաղում: Թե Ռոբերտ Արզումանյանի, թե Հրայր Մկոյանի խաղից գոհ եմ: Ու ես միշտ ասել եմ` չկա կենտրոնական պաշտպան, աջ պաշտպան, կա թիմային պաշտպանություն: Փաստն այն է, որ այս երկու խաղերում էլ մեզ մոտ ավելի շատ ստացվեց թիմային պաշտպանությունը, քան հարձակումը: Արդյունավետ հարձակում, որը մենք սովոր ենք տեսնել, չտեսանք:
Սխալներ, անշուշտ, կային մեր խաղում, բայց ուզում եմ կրկնել, որ ինձ համար կարևոր է ֆուտբոլիստների պահվածքը, կարգապահությունը: Ինչ էլ անի մեր մրցակիցը, մենք պետք է հոգեբանորեն պինդ լինենք և ուշադրություն դարձնենք միայն մեր խաղի վրա: Ես միշտ նրանց ասում եմ՝ մրցավար, մրցակից մեզ համար չպետք է գոյություն ունենան, մեզ համար պետք է լինի միայն մեր խաղը: Որովհետև, եթե ուշադրությունդ խաղից շեղվում է, ապա խաղի վրա կենտրոնացումը կորցնում ես:

-Ամբողջական վերլուծություն մարզչական շտաբով, ենթադրելի է, որ դեռ չեք արել:

-Ամբողջական, դետալային վերլուծություն` դեռ ոչ: Նախնական վերլուծություն, իհարկե, եղել է: Իհարկե պարտությունը բացասական է, բայց մեզ համար ամենավատը Լևոն Հայրապետյանի վնասվածքն էր, ով կարող է մի քանի ամիս դուրս մնալ խաղից: Երկրորդը` Գևորգի և Մարկոսի որակազրկումն է 2 և ավելի խաղերով, և երրորդը` խաղացողների կարգապահությունը:

— Երկրպագուների մի հարց Ձեզ փոխանցենք. Ինչ՞ու մեր տղաներն ավելի արդյունավետ խաղում են իրենց թիմերում, քան հավաքականում:

-Հասկանում եմ, ուզում եք նվիրվածության մասին խոսել: Ինչ վերաբերում է նվիրվածությանը, պետք է ասեմ, որ դա, ընդհանրապես, շատ կարևոր գործոն է: Ցանկացած ֆուտբոլիստ պետք է անմնացորդ նվիրվի իր գործին: Ես առաջինը նվիրվածություն եմ պահանջում մեր ֆուտբոլիստներից ու հայրենասիրություն: Ու նրանք մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ ունեն այդ որակները: Բայց միայն նվիրվածությունը բավարար չէ: Ֆուտբոլում շատ մանրուքներ կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ: Հաղթանակը շատ գործոնների համադրություն է: Ես հիմա հստակ տեսնում եմ, որ որոշ ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակ է: Օրինակ մենք տեսանք, որ Յուրա Մովսիսյանի ֆունկցիոնալ վիճակը լավ չի: Իսկ ֆուտբոլն այն մեխանիզմն է, որ եթե մեկ հոգի դուրս է մնում խաղից, նամանավանդ միջազգային հանդիպումներում, խաղի ընթացքը փոխվում է:

-Դժվար էր, այնուամենայնիվ, մեկնարկային հանդիպումն անցկացնել դրսում եւ երկու արտագնա հանդիպում մի քանի օրում:

Դժվար էր, իհարկե, սակայն ես միշտ ասել եմ, որ որեւէ նշանակություն չունի` սեփական դաշտում ես խաղում, թե հյուրընկալվելիս: Եթե խոսենք Մալթայի խաղից, ապա զգացվում էր թիմի մեկնարկային լարվածությունը: Հանդիպումից առաջ մենք խնդրել էինք, որ խաղադաշտը ջրեին, բայց չէին արել, և խաղադաշտի որակը բավարար չէր: Նշեմ նաև անտանելի տոթ եղանակն ու խոնավությունը, որը նույնիսկ մեզ, ովքեր չէին խաղում, անհանգստություն էր պատճառում: Այդ պատճառով էլ խաղի տեմպը ցածր էր, իսկ երկրպագուն արդեն ընտելացել է, որ Հայաստանի հավաքականը պետք է արագ ֆուտբոլ խաղա: Իհարկե, կարևորն այն է, որ հաշիվը դրական եղավ մեզ համար, քանի որ այդ պահին պետք էր բնավորություն ցույց տալ, ինչն էլ մեր տղաները ցուցադրեցին: Նախկինում մենք առաջին հերթին ֆուտբոլիստներից պահանջում էինք գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, իսկ այժմ նրանցից միայն արդյունք ենք պահանջում, որը մեծ հոգեբանական ճնշում է նրանց վրա: Եվ Բուլղարիայի հետ խաղում դա իրեն զգացնել տվեց: Պարտվում էին, ուզում էին ամեն կերպ վերականգնել հաշիվը: Դա էլ է խոսում հաղթանակի ձգտման մասին: Մեր տղաներն անտարբեր չէին, դա շատ լավ որակ է, նրանք ուզում էին փոխել խաղի ընթացքը, ուղղակի պետք էր փոխել խաղով, այլ ոչ թե կռվով:

-Եթե ամփոփենք:

-Մալթային հաղթեցինք, իսկ բուլղարացիները ոչ թե հաղթեցին մեզ, այլ մենք պարտվեցինք:

-Ռայմոնդ Վերհեյենի մասին ինչ -որ բան կասեք: Twitter-ի իր էջում նա գրել է. «Ցավում եմ, որ Հայաստանի և Ուելսի հավաքականները պարտվել են: Երկու խաղերն էլ դիտել եմ տանը, քանի որ կիրակի օրն անձնական պատճառներով հեռացել եմ Հայաստանի մարզաբազայից»:

-Ռայմոնդը շատ պրոֆեսիոնալ, լավ մասնագետ է, ու այն ժամանակը, որ նա անցկացրել է Հայաստանի հավաքականում, արդյունավետ է եղել թե թիմի, թե մարզիչների համար: Դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում իրեն: Ինչ վերաբերում է այդ որոշմանը, դա նրա անձնական որոշումն է, և մենք պետք է այդ որոշումը հարգենք:

-Ինչ-որ բան կասե՞ք մեր հավաքականի երկրպագուներին:

-Մեզ համար երկրպագուն շատ թանկ է: Եվ երկրպագուն նա է, ով միշտ եւ ցանկացած իրավիճակում է Ազգային հավաքականի կողքին: Պետք չէ լինել ծայրահեղական: Կրկնում եմ. մենք միշտ ձգտում ենք հաղթանակի: Ցանկությունը շատ մեծ է, բայց միշտ չի այդպես լինում, ու ես ի տարբերություն երկրպագուների էմոցիաներով չեմ շարժվում: Մենք ունենք Ազգային հավաքական, պետք է սիրենք մեր հավաքականը: Ծայրահեղ ենք. լավ է՝ ուրախանում ենք, վատ է՝ փնովում ենք: Պետք է հավատալ հավաքականին:

1 comments on “Վարդան Մինասյան. Մենք պատրաստ չէինք սադրանքներին

  1. Պարոն մինասյան այո՝ծայրահեղ ենք,այո մենք պահանջում ենք միայն հաղթանակներ,թե դրսում թե մեր հարկի տակ,մենք՝ կրկնում եմ, իրավունք չունեինք պարտվել Բուլղարների նման թիմին:
    Իսկ ինչ վերաբերվում ե հավաքականի տղաներին,ապա նրանց վրա միայն դուք կարող եք ազդել,օրինակ դուք Յուրային հարց տվել եք երկու խաղ խաղաց,ինչ արեց նա հաավաքականի համար: Յուրան մեր միակ ընդգծված հարձակվողն է,բայց ցավոք սրտի եկու խաղում ել նա դաշտում ընդհանրապես չերեվաց:
    Թիմն լավ չխաղաց,մենք արդեն ուրիշ ֆուտբոլ ենք ցանկանում տեսնել,այն ֆուտբոլն ,որ մեր հավաքականն անցկացրեց անցած տարի,իսկ այսորվա խաղն դեռ շատ հեռու է իմ ասած ֆուտբոլից: