Բուլղարացի տղան խոստովանել է, որ միտումնավոր է դանդաղ տվել գնդակը Ղազարյանին


«Ես ընդունում եմ Գևորգ Ղազարյանի ներողությունը, որովհետև նման դեպքերում, երբ քո թիմը պարտվում է, դու կարող ես նյարդայնացած լինել», — ասել է Բոժիդար Աթանասովը՝ գնդակ մատակարարող այն տղան, ում ուղղությամբ հարված կատարեց Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը՝ սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում, որի արդյունքում կարմիր քարտի արժանացավ:

Ղազարյանն երեկ facebook-ի իր էջի միջոցով ներողություն է խնդրել իր արարքի համար:

Բոժիդարը «Լևսկիի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Չավդար Աթանասովի որդին է:

Հանդիպման «հերոսը» մանրամասն պատմել է 76-րդ րոպեին տեղի ունեցածի մասին. «Ես մի փոքր դանդաղ տվեցի գնդակը, որովհետև փորձում էի ժամանակ շահել. չէ՞որ այն մեր վրա էր աշխատում: Միևնույն ժամանակ, նրան ուրիշ գնդակ էլ տվեցին: Նա շատ զայրացած էր ու իմ ուղղությամբ ուղարկեց կլորը, բայց ոչ շատ ուժեղ: Հետո ինձ 4-րդ պաշտոնյան մոտեցավ ու ասաց, որ հեռանամ:

Ինձ ոչ ոք չի ասել ֆեյր փլեյի կանոնների մասին: Ոչ ոք չի ասել, թե որքան ժամանակում պետք է վերադարձնեմ գնդակը», — խոստովանել է Բոժիդարը:

«Հանդիպումից հետո բոլորն ինձ շնորհավորում էին: Բոլորը երջանիկ էին, որ մենք հաղթեցինք: Ու ես նույնպես»:

Վերջում գնդակ մատակարարողը պատմել է իր ապագայի մասին. «Իմ երազանքն է՝ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ ու խաղալ եվրոպական ակումբում: Ու, իհարկե, Բուլղարիայի հավաքականում», — եզրափակել է Չավդարի որդի Բոժիդարը: