Լիբանանը ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հետ


Լիբանանի ազգային հավաքականը մայիսին ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Լիբանանցիները պաշտոնապես դիմել են ՀՖՖ-ին’ առաջարկելով հանդիպումն անցկացնել Բեյրութում: Լիբանանը ցանկանում է մրցել մայիսի 19-ին կամ 20-ին: ՀՖՖ մամուլի քարտուղարությունում ArmSport.am-ին տեղեկացրին, որ առաջարկ իրոք ստացվել է, ու ՀՖՖ ղեկավարությունը և հավաքականի մարզչական շտաբն այն քննարկելուց հետո կպատասխանեն լիբանանյան կողմին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 2-րդ կեսին նախատեսում է երկշաբաթյա հավաք անցկացնել, որի ընթացքում պետք է տեղի ունենան երկու ընկերական հանդիպումներ: Մասնավորապես, մայիսի 31-ին Հայաստանը Ավստրիայում պետք է մրցի Հունաստանի հետ, իսկ հունիսի 5-ին Երևանում հյուրընկալելու է Ղազախստանին:

Ի դեպ, եթե Հայաստան-Ղազախստան հանդիպման մասին ՀՖՖ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել’ նշելով, որ ղազախական կողմի հետ ընկերական խաղ անցկացնելու պայմանագիր է կնքվել, ապա Հունաստանի դեպքում դեռ պայմանագիրը ստորագրված չէ:

Ավելացնենք, որ Լիբանանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ընթանում է 124-րդ հորիզոնականում: Հայաստանն ու Լիբանանը մեկ անգամ արդեն ընկերական հանդիպում անցկացրել են: 1998թ. Աբովյանում կայացած մրցավեճում Հայաստանը հաղթել է 1:0 հաշվով: