Յուրա Մովսիսյան. «Հրազդան» մարզադաշտը հայկական ֆուտբոլի պատմություն մեջ իր կարևոր դերն ունի


Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջնության 38-րդ տուրի’ «Կրասնոդար»-«Տոմ»  խաղին, քանի որ որակազրկված է: Ամեն դեպքում, Մովսիսյանը շարունակում է ողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել ու այսօր զրուցեց ArmSport.am-ի հետ:

— Մինչ ֆուտբոլին անցնելը, խոսենք քո առօրյա կյանքից: Արդեն լիովին մերվե՞լ ես Կրասնոդար քաղաքին, հաշվի առնելով այն, որ նախորդ տարի նոր-նոր էիր սկսել սովորել ռուսերեն:

— Այո, արդեն կարողանում եմ նորմալ խոսել, շատ լավ հասկանում եմ նաեւ երբ դիմացինս խոսում է ռուսերեն: Կարելի է ասել, որ այդ առումով արդեն լիովին մերվել եմ քաղաքին:

— Կրասնոդարում բնակվում են մեծ թվով հայեր: Նրանց կողմից կա՞ ընդգծված ուշադրություն քո ելույթների նկատմամբ:

— Այստեղ հայերը բավական ակտիվ են ֆուտբոլի նկատմամբ ու նրանց շրջանում ոգևորություն նկատվում է, սակայն իմ շփումը հայերի հետ այնքան էլ շատ չէ, քանի որ խիստ զբաղված եմ լինում ֆուտբոլով:

— Փետրվարին ԱՄՆ-ում լույս աշխարհի եկավ դուստրդ’ Աիդան: Ընտանիքդ ե՞րբ կկարողանա միանալ քեզ:

— Ծնվելուց հետո աղջկաս դեռ 6 շաբաթ չէր կարելի թռչել ինքնաթիռով: Այդ ժամանակը արդեն լրանում է ու շուտով նրանք կժամանեն Կրասնոդար: Ինչ խոսք, ինձ համար շատ դժվար է, որ ընտանիքս այս պահին կողքիս չէ, բայց սա իմ կյանքն է, որին ընտելացել եմ:

— Կրասնոդարում է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, ով համալրել է «Կուբանի» կազմը: Հասցրե՞լ եք հանդիպել:

— Վերջերս հանդիպեցինք Մարկոսի հետ Կրասնոդարում: Նա նոր մարդ է «Կուբանում»  ու սովորականից ավելի ծանրաբեռնված է այնտեղ, ինչի պատճառով էլ նրա ժամանակն ավելի սուղ է:

— «Կրասնոդարի» այս տարվա ելույթներն այնքան էլ հաջող չեն ստացվում: Թվում է’ թիմն 9-րդ տեղոմ ամրապնդվելուց հետո կորցրել է մոտիվացիան, քանի որ առաջ գնալու շանսեր չկան:

— Չէի ասի, թե մոտիվացիայի պակաս կա, ուղղակի մի շարք թիմեր պայքարում են իրենց տեղը պահպանելու համար ու ուժեղ կռիվ է գնում միավորների համար: Առաջնության վերջնամասն է ու խաղերն ավելի են բարդացել, քանի որ յուրաքանչյուր խաղ կարող է ճակատագրական լինել թիմերի համար: Իրենց տեղը պահպանելու համար պայքարող թիմերն ամեն ինչ անում են միավորներ վաստակելու համար: Մենք էլ փորձում ենք վերջին խաղերում հաջող ելույթ ունենալ:

— Այդ թիմերի թվում է նաև Նալչիկի «Սպարտակը», որտեղ հանդես է գալիս քո մտերիմ ընկերներից Հրայր Մկոյանը…

— Այո, Մկոյանի թիմը բարդ վիճակում է ու առաջիկա խաղերում պետք է ձգտի առավելագույնս միավորներ վաստակել:

— Մայիսի 13-ին ավարտվում է Ռուսաստանի առաջնությունը ու օրեր անց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցես ուսումնամարզական հավաքի, որի շրջանակներում նախատեսված է ընկերական երկու հանդիպում. նախ Ավստրիայում Հունաստանի հետ, ապա Երևանում’ Ղազախստանի: Մրցակիցների մասին ի՞նչ պատկերացում ունես:

— Շատ լավ է, որ Հունաստանի հետ հանդես ենք գալու ոչ մեր հարկի տակ: Դա ուժերի շատ լավ փորձություն կլինի, քանի որ հույները լավ հավաքական ունեն ու «Եվրո-2012»-ում նրանց հայտնվելն արդեն շատ բան է ասում: Ղազախստանի դեմ էլ հանդես ենք գալու սեփական հարկի տակ, հազարավոր հայ երկրպագուների աջակցության ներքո ու այդ խաղում բնական է, որ պետք է հայ ֆուտբոլասերների սպասելիքներն արդարացնենք: Առաջիկա հավաքին ու ընկերական խաղերում պետք է հնարավորինս լավ պատրաստվենք ընտրական փուլին:

— Ի դեպ, ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդես է գալու «Հրազդան» մարզադաշտում, որտեղ այս օրերին ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Որքանո՞վ ես կարևորում «Հրազդանի» դերը նոր ընտրական փուլում:

— «Հրազդան» մարզադաշտը հայկական ֆուտբոլի պատմություն մեջ իր կարևոր դերն ունի ու միայն ողջունելի է, որ այն կրկին կկարողանա ընդունել հավաքականի հանդիպումները: Որքան շատ ֆուտբոլասերներ լինեն հավաքականի կողքին մարզադաշտում, այնքան մեր հնարավորությունները կմեծանան ընտրական խաղերում: Մանավանդ, որ «Հրազդանը» բավական մեծ մարզադաշտ է ու այնտեղ միաժամանակ խաղին կարող են հետևել 50 հազարից ավել մարդիկ:

Հենրիխ Մխիթարյան. Քանի որ վնասվածքս թեթեւ էր, կարողացա շուտ վերականգնվել


Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ:

 

«Քանի որ վնասվածքս թեթեւ էր, կարողացա շուտ վերականգնվել եւ հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ», — ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ:

 

Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է որ մասնակցի, տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում «Շախտյորը» ընդունելու է Կիևի «Դինամոյին»:

Այսօր Գևորգ Ղազարյանի ծննդյան օրն է


Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցքի մետալուրգի կիասպաշտպան Գևորգ Ղազարյանի ծննդյան օրն է: Գևորգը այսօր դառնում է 24 տարեկան:

ArmTeam-ը շնորհավորում է մեր հավաքականի խաղացողին, ցանկանում առողջություն, հաջողություն ու երկար տարիների կյանք: