Արթուր Եդիգարյանը հայտնվել է խորհրդանշական հավաքականում:


armsport.am-ի տեղեկացմամբ Մերձմոսկովյան «Խիմկիի»  կենտրոնական կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը onedivision.ru կայքի վարկածով հայտնվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 41-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

 

Ահա թե ինչ է գրում հեղինակավոր կայքը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին:

 

«Հայ կիսապաշտպանը աստիճանաբար ընտելանում է իր նոր թիմին: Եվ դատելով նրա խաղից’ կարելի է ասել, որ նրա մարզիչն ու խաղընկերները լիովին վստահում են նրան: ՉԷ՞ որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի չեն վստահի հանդիպման ավարտին 11 մետրանոց իրացնել, որից կախված է թիմի հետագա ճակատագիրը»:

 

Այս տուրում «Խիմկին» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Բալթիկայի» հետ’ 1:1: Եդիգարյանը մասնակցել է ողջ հանդիպմանը, իսկ 87-րդ րոպեին հաջող իրացրել 11 մետրանոցը:

Ռուբեն Հայրապետյան. Լիբանանի հավաքականի հետ չենք կարողանա ընկերական հանդիպում անցկացնել


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանը մայիսին Բեյրությում Լիբանանի հետ ընկերական հանդիպում չի կարող անցկացնել: Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել էր ՀՖՖ-ին’ առաջարկելով մայիսի 19-ին կամ 20-ին ընկերական հանդիպում անցկացնել Բեյրութում:

«Լիբանանի հավաքականի հետ չենք կարողանա ընկերական հանդիպում անցկացնել, քանի որ մեր հավաքականն այժմ կարելի է ասել ազատ տեղ չունի: Ցավոք, մերժել ենք: Խաղալու ենք Հունաստանի և Ղազախստանի հետ: Իհարկե ես շատ նամակներ եմ ստանում Լիբանանից, և շատ կցանկանայի որպեսզի հայաշատ քաղաքներում կարողանայինք հանդիպումներ անցկացնել:

Հետագայում չեմ բացառում որ կհանդիպենք Լիբանանի հավաքականին, բայց այս տարի դա անել ուղղակի հնարավոր չէ»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը’ պատասխանելով ArmSport.am-ի հարցին:

Ռուբեն Հայրապետյան.Այս տարի Երևան է ժամանելու Միշել Պլատինին


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ավանի ՀՀԿ գրասենյակում մամուլի ասուլիս տվեց’ հիմնականում խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայրապետյանն այս անգամ ևս մասնակցելու է ընտրություններին ու հանդիսանում է թիվ 1 ընտրատարածքի թեկնածուներից մեկը:

Ռուբեն Հայրապետյանի ասուլիսի ընթացքում խոսվեց նաև ֆուտբոլի մասին: Ֆեդերացիայի ղեկավարը հայտնեց, որ այս տարի Երևան է ժամանելու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին.

«Հոկտեմբերին Միշել Պլատինիի հետ Երևան կժամանեն շուրջ 12 ֆուտբոլային չինովնիկներ: Մեր երկրում կանցկացվի խորհրդաժողով»:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ ընտրվելու դեպքում առաջին օրենքը, որ նա կառաջադրի, կլինի սպորտի մասին:

 

«Հայկական ֆուտբոլում պետք է փորձեմ իմ աշխատանքը անել ավելի լավ քան դա արել եմ, քանի որ այժմ շատ պատասխանատու շրջան է մեր ֆուտբոլի համար»,-ասաց 2002 թվականից ՀՖՖ-ն գլխավորող Ռուբեն Հայրապետյանը:

armsport.am