Կոստանտին Գենիչ. Հիմարություն կլիներ չհամակրել մի թիմի, որն իսկապես ֆուտբոլ էր խաղում


Եվրո-2012-ի ընտրական փուլի Իռլանդիա – Հայաստան խաղից հետո «НТВ-Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը դարձավ շատ հայ երկրպագուների ամենասիրելի մեկնաբանը: Շատերը հիշում են, թե ինչպես էր նա այդ խաղում երկրպագում Հայաստանի ազգային հավաքականին, ինչպես էր խնդրում խաղի մրցավարին Ռոման Բերեզովսկուն կարմիր քարտ ցույց չտալ եւ ինչպես էր մինչեւ վերջին րոպեն սատարում մեր տղաներին:

 

NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց նախկին ֆուտբոլիստ, այժմ «НТВ-Плюс» հեռուստաընկերության լավագույն մեկնաբաներից մեկի’ Կոնստանտին Գենիչի հետ:

 

— Կոնստանտին, Դուք Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ այնքան սրտանց էիք երկրպագում Հայաստանի ազգային հավաքականին, որ հիշվեցիք բոլոր երկրպագուների կողմից, նաեւ շատ հայերի համար դարձաք ամենասիրելի մեկնաբանը: Հետաքրքիր է իմանալ. մեր թիմին համակրում էիք միայն այդ խաղո՞ւմ, թե՞ նաեւ ընտրական փուլում, որտեղ հայերը ընդգրկված էին Ռուսաստանի թիմի հետ նույն խմբում:

 

— Հայաստանի հավաքականն ինձ սկսեց հետաքրքրել մրցաշարի ընթացքում, քանի որ ցուցադրում էր գեղեցիկ եւ որակյալ խաղ: Ձեր թիմը նաեւ օգնեց Ռուսաստանի հավաքականին, երբ հյուրընկալվելիս հաղթեց սլովակներին: Հիմարություն կլիներ չհամակրել մի թիմի, որն իսկապես ֆուտբոլ էր խաղում, այլ ոչ թե տանջվում էր: Իմ համակրանքը Հայաստանի ընտրանու կողմն էր ոչ միայն իռլանդացիների հետ խաղում, այլ նաեւ ընտրական խմբում: Ես շատ էի ցանկանում, որ Հայաստանի հավաքականը դուրս գար խմբից, եւ քիչ էր մնում այդպես լիներ: Հայկական թիմը ապագայում շատ լավ հեռանկարներ ունի, եթե շարունակի ընթանալ այն ուղիով, որով այժմ գնում է:

 

— Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Հետեւե՞լ եք նրանց խաղերին եւ ի՞նչ կարծիք ունեք:

 

— Դիտել եմ «Շախտյորի» խաղերը Չեմպիոնների լիգայում, այնտեղ առանձնանում էր Հենրիխ Մխիթարյանը: Նա շատ լավ է խաղում հարձակման գծում, ինչպես նաեւ դաշտի կենտրոնում: Նույն կարծիքին եմ Յուրա Մովսիսյանի մասին: Նա լավ է հանդես գալիս հավաքակնում եւ «Կրասնոդարում»: Ես, իմ հնարավորությունների չափով, փորձել եմ հետեւել հայ ֆուտբոլիստների խաղերին:

 

— Ռուսաստանում շատ են հայ լրագրողներն ու խմբագիրները: Գրեթե բոլոր մարզական կայքերում հանդիպում ես «յան» ազգանունը: Մտերի՞մ եք հայ լրագրողների հետ:

 

— Այո, ես շատ հայ ընկերներ ունեմ’ Սամվել Ավագյանը, ով championat.com կայքի ֆուտբոլային բաժնի ղեկավարն է: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ Նոբել Առուստամյանի հետ’ «НТВ-Плюс»-ի մեկնաբան, ինչպես նաեւ «Радио Спорт»-ի հաղորդավար: Շատ հայեր են աշխատում այս ոլորտում, եւ նրանցից շատերն իմ ընկերներն են:

 

— Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:

 

— Այո, երկու տարի առաջ եղել եմ Ստեփանակերտում: Մենք այնտեղ էինք մեկնել հատուկ հրավերով, որպես VIP հյուրեր: Մասնակցում էինք ֆուտբոլային մրցաշարի: Զբաղեցրինք երկրոդ տեղը: Մեզ այնտեղ շատ լավ էին վերաբերվում: Մենք մեզ իսկական աստղերի նման էինք զգում: Բոլորը ճանաչում էին մեզ, մոտենում, լուսանկարվում, ինքնագրեր վերցնում: Անտեղ «НТВ-Плюс» շատերն են դիտում: Դա Իռլադիա-Հայաստան խաղից առաջ էր:

 

— Ստեփանակերտ մեկնելուց հետո խնդիրներ չեք ունեցե՞լ Ադրբեջան այցելելու հարցում:

 

— Ես գիտեմ հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Մեզ այնտեղ ամեն ինչ ցույց տվեցին, բացատրեցին, բայց դա ընկերական այցելություն էր: Ես քաղաքականությունից դուրս եմ եւ աշխատում եմ այդ թեմաները շրջանցել:

 

— Նկատի ունեմ, որ ռուսական շոուբիզնեսի շատ աստղեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելուց հետո այլեւս Ադրբեջան չէին կարողանում մտնել:

 

— Դե այդ այցելությունից հետո ինձ Բաքու չեն հրավիրել, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել:

 

— Այժմ շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք մեկնաբանը կարող է խաղի ժամանակ իր նախապատվությունը ակնհայտ ցուցադրել:

 

— Կարծում եմ կան դեպքեր, երբ կարելի է: Օրինակ’ երբ խաղում է քո երկրի ազգային հավաքականը: Նման խաղերում կարծում եմ կարելի է, եւ նույնիսկ պետք է ցուցադրել էմոցիաները, իսկ երբ խաղում են օրինակ «Միլանն» ու «Ինտերը», ապա կարելի է համակրել մի թիմի, եթե խաղը մեկնաբանում են երկու մեկնաբան: Մեկ մեկնաբանի դեպքում, երեւի թե պետք է չեզոք դիրք ընդունել, որպեսզի մյուս թիմի երկրպագուները չնեղանան:

 

— Շատ երիտասարդ տղաներ ցանկանում են դառնալ մարզական մեկնաբան: Ի՞նչ որակներ են անհրաժեշտ մեկնաբան դառնալու համար:

 

— Դժվարանում եմ ասել, թե ինչ է կոնկրետ անհրաժեշտ: Առաջին հերթին պետք է ունենալ մեծ ցանկություն, տիրապետել լեզվին, գեղեցիկ խոսել, պետք է կարողանալ ճիշտ ներկայացնել այն ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Ցանկալի է դա անել հեռուստադիտողի համար ընկալելի լեզվով: Եվ իհարկե ,պետք է տաղանդ ունենալ: Ինձ դժվար է այդ մասին խոսել, քանի որ դեռ կայանում եմ որպես մեկնաբան:

 

— Հետաքրքիր է իմանալ մասնագետի կարծիքը: Ո՞վ է հաղթելու Չեմպիոնների լիգայում:

 

Ֆավորիտները հայտնի են’ «Ռեալն» ու «Բարսան»: Այստեղ հնարավորությունները հավասար են, բայց դեռ պետք է հաղթել կիսաեզրափակիչներում: Եթե «Բարսելոնան» իր զույգում ֆավորիտն է, ապա մյուս զույգում թե «Ռեալը», թե «Բավարիան» կարող են դուրս գալ եզրափակիչ: Բայց դե, հիմնական ֆավորիտ «Բարսելոնան» երեւի թե մի քիչ ավելի ուժեղ է: Կարծում եմ’ կտեսնենք իսպանական եզրափակիչ, որտեղ կհաղթի նա, ում հաջողությունը կժպտա:

 

— Դուք մեկնաբանում եք Իսպանիայի առաջնության հանդիպումները: Ի՞նչ եք կարծում, «Բարսելոնան» կշրջանցի՞ «Ռեալին», թե՞ չեմպիոն կդառնա Արքայական ակումբը:

 

Մեկ ամիս առաջ բոլորը կարծում էին, թե «Բարսելոնան» հնարավորություններ չունի, բայց այժմ նրանք արդեն հույս ունեն: Կարծում եմ, որ այս տարի «Ռեալն» ավելի արժանի է դառնալու Իսպանիայի չեմպիոն: Հենց մադրիդյան ակումբը կընդհատի «Բարսելոնայի» հեգեմոնիան:

 

— Ո՞վ կդառնա Եվրոպայի չեմպիոն:

 

Դժվար հարց է: Ակնհայտ ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է, որը վերջին տարիներին շատ թարմ խաղ է ցուցադրում: Չմոռանանք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիներին: Կարճատեւ մրցաշար է: Ով ավելի լավ պատրաստված լինի, նա էլ կհաղթի: Շատ դժվար է լինելու թիմերին հատկապես ազգային առաջնություններից հետո խաղալ յոթ խաղ: Հնարավոր է, որ սենսացիա տեղի ունենա, բայց ֆավորիտները Իսպանիան եւ Գերմանիան են: Եվ ես չեմ զարմանա, եթե հենց այդ թիմերից մեկն էլ դառնա չեմպիոն: