Վարդան Մինասյան.Նորայրը լավ ֆուտբոլիստ է


Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել էր Բելգիա, որտեղ անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը, որից հետո մեկնել էր Հոլանդիա` հետևելու Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովի խաղային և մարզումային ընթացքին, հանդիպելու և զրուցելու Նորայր Մամեդովի հետ: Վերադարձից հետո Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

 

— Պարոն Մինասյան նախ ՈՒԵՖԱ-ի սեմինարի մասին: Ո՞րն էր նպատակը:

 

— Դա ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումն էր, որը նպատակ ուներ քննարկել, թե ինչպես պետք է աշխատել մարզիչների որակավորման բարձրացման վրա: Անշուշտ, դրանք օգտակար հանդիպումներ են, քանի որ միշտ սովորելու ինչ որ բան կա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմա շատ լուրջ աշխատում է մեր մարզիչների որակավորման բարձրացման ուղղությամբ: Ինչպես գիտեք ՀՖՖ-ն նաև տրամադրում է մարզչական որակավորման լիցենզիաներ, այդ թվում և առաջին անգամ pro լիցենզիան, որի դասընթացը կմեկնարկի մայիսի 5-ից, և այդ սեմինար-հանդիպումները շատ արդյունավետ են:

 

— Պարոն Մինասյան Դուք հանդիպեցիք նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովի հետ: Գիտեք, որ ֆուտբոլասերները սպասում են նրա խաղին մեր հավաքականում: Ի՞նչ տպավորություններ ստացաք:

 

— Նախ ասեմ, որ ես ցանկանում էի հետևել Նորայրի խաղային և մարզումային ընթացքին և հենց այդ նպատակով էի մեկնել Հոլանդիա, բայց, ցավոք Նորայրը չխաղաց և ես չկարողացա նրան այդ առումով ուսումնասիրել, բայց ես դիտել եմ Նորայրի մի քանի խաղերի տեսագրությունը և կարող եմ ասել, որ Նորայրը լավ ֆուտբոլիստ է: Մենք կշարունակենք հետևել նրա ելույթներին: Նորայրը կարող է շատ օգտակար լինել ոչ միայն ազգային այլ նաև երիտասարդական հավաքականի համար: Ինձ համար առավել կարևոր էր այն տպավորությունը, որ ստացա Նորայրից որպես մարդ, Հայաստանի համար խաղալու առումով: Գիտեք, ես միշտ ասել եմ, որ հայրենասիրությունը և մարդկային որակները շատ կարևոր են այն մթնոլորտի համար, որ մենք ունենք մեր ազգային հավաքականում և ինձ համար հաճելի էր, որ Նորայրը իր մտածողությամբ, իր պատկերացումներով համապատասխանում էր մեր մոտեցումներին:

 

— Պարոն Մինասյան Նորայրը ե՞րբ կկարողանա հանդես գալ Հայաստանի դրոշի տակ:

 

— Գիտե՞ք, բազմիցս նշել ենք, որ Նորայրը խնդիր ունի ազգանվան հետ կապված և ինքը դիմել է Հոլանդիայի համապատասխան մարմիններին այդ խնդրով: Այդ փոփոխման գործընթացը սկսվել է, բայց հոլանդական օրենքներով դա տևում է մոտ 20 շաբաթ: Դրանից հետո միայն կարող ենք Նորայրի Հայաստան գալու մասին խոսել: Մենք պիտի ընդառաջենք նրա ցանկությանը և սպասենք, որից հետո Նորայրը հնարավորություն կստանա հանդես գալու Հայաստանի ազգային կամ երիտասարդական հավաքականներում:

 

Զավեն Բադոյան. Կփորձեմ անպայման լավագույն մարզավիճակով ներկայանալ


Հայաստանի հավաքականի և Բելառուսի ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Զավեն ԲադոյանըArmFootball.com-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան — Հունաստան ընկերական հանդիպմանը:

 

— Անհամբերությամբ եմ սպասում եմ Հունաստանի հետ հանդիպմանը ու իհարկե միշտ աշխատում եմ տեղեկացված լինել մեր հավաքականին վերաբերող հարցերին: Շատ եմ ափսոսում, որ վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել մեր ընտրանու փետրվարյան ընկերական խաղերին:

 

Հավաքականի առաջիկա ստուգողական խաղին դեռ 1,5 ամիս ժամանակ կա, և կփորձեմ անպայման լավագույն մարզավիճակով ներկայանալ ու իհարկե օգտակար լինել: Այս առումով ես հոգեբանական որևէ խնդիր չունեմ և հուսով եմ, որ խաղային պրակտիկայի տեսանկյունից ոչ մի խնդիր էլ չի լինի:

 

Հիանում եմ հատկապես «Շախտյորում» փայլուն խաղով առանձնացող Հենրիխ Մխիթարյանի ելույթներով, ու կարծում եմ թե ինձ և թե մեր ընտրանու մյուս տղաների համար նրա օրինակը վարակիչ պիտի լինի,- նշել է Բադոյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 31-ին Ավստրիայում կհանդիպի Հունաստանի, իսկ հունիսի 5-ին` Երևանում Ղազախստանի հետ: